211652_close_icon
views-count2498 դիտում article-date 16:38 16-10-2019

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին բեսթսելերն ընթերցողի սեղանին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Միանգամից երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն. աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքն ընթերցողի սեղանին է: Ջոնաթան Քոնլինի՝ վերջերս հրատարակված և արդեն բեսթսելեր դարձած այս գիրքը բացահայտում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայերեն ու ռուսերեն լույս տեսած գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում: «Մշտապես երազել եմ գրքեր հրատարակել մեր բարերարների, մեծերի մասին, որոնցից, անկասկած, ամենամեծը հենց Գալուստ Գյուլբենկյանն է: Նախորդ տարի մեր հրատարակչությունը հայերեն թարգմանեց, այնուհետև հանրության դատին հանձնեց Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» գիրքը, որը շատ մեծ արձագանք գտավ ու դարձավ ազգային բեսթսելեր: Վստահ ենք, որ Գյուլբենկյանի մասին այս գիրքն էլ նման հաջողություն կունենա»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը՝ կոչ անելով անպայման կարդալ այս գիրքն ու շեշտելով, որ շուտով հրատարակչությունը մեկ այլ հայ բարերարի մասին գիրք կներկայացնի: Մեծանուն հայի՝ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին են նվիրված Պորտուգալիայի օրերը Հայաստանում խորագրով միջոցառումները: Օրերի շրջանակում շնորհանդեսին մասնակցում էին նաև Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները: Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը Մկրտիչ Կարապետյանին նվիրեց «Պարոն հինգ տոկոս» գրքի պորտուգալերեն տարբերակը: Նա շեշտեց, որ անձամբ ճանաչել է Քոնլինին ու հարցրել՝ արդյոք իր գիրքը հայերեն է թարգմանվելու: Քոնլինն էլ տեղեկացրել է, որ թարգմանական աշխատանքներն ընթացքի մեջ են: Վահե Մխիթարյանն առանձնահատուկ շեշտեց, որ գրքում հեղինակն այնպիսի բացահայտումներ է արել, որոնց մասին տեղյակ չէր անգամ Գյուլբենկյանի ընտանիքը: Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։ Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև։ Նշենք, որ գիրքը թարգմանել է Սիլվա Հովակիմյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/14/1137783/]Հիշեցնենք[/url], որ հոկտեմբերի 15-ին Երևանում նախատեսվում էր անցկացնել աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր