211652_close_icon
views-count1428 դիտում article-date 23:09 15-10-2019

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ են հանձնել ԱՄՆ դեսպանատանը

ԱՄՆ դեսպանատան դիմաց այսօր՝ հոկտեմբերի 15-ին, բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին դեսպանատան ներկայացուցչին։ Նախքան հանձնելը քրդական «Զագրոս» պաշտոնաթերթի խմբագիր Լիաննա Մհոյանը ներկայացրեց նամակի բովանդակությունը։ «Հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը, ոգեւորված գերտերությունների համաձայնությունով, հարձակվեց Սիրիայի քրդաբնակ տարածքների վրա։ Թուրքիան, օգտագործելով ժամանակից ռազմական տեխնիկան եւ օդուժը, առաջացնում է մեծ ավերածություններ, պատճառում հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ»,–նշված էր նամակում։ Նամակում քրդական համայնքի ներկայացուցիչները դատապարտում են ԱՄՆ–ի քաղաքականությունը քրդերի հանդեպ եւ նրանց միայն թողելը թուրքերի դեմ։ Նրանք կոչ են անում ԱՄՆ–ին բարի կամք դրսեւորել եւ կասեցնել Թուրքիայի ագրեսիան քուրդ ժողովրդի նկատմամբ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։ Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։ Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ՝ թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:

Նմանատիպ նյութեր