211652_close_icon
views-count1611 դիտում article-date 19:29 15-10-2019

Մեծ հնարավորություններ 2 պետությունների և ժողովուրդների համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային և նրա գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Գախարիայի այցը Հայաստան և, շնորհավորելով վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, հաջողություն ու ծրագրերի իրականացում է մաղթել նրան: Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն: «Սակայն հիմա մենք 21-րդ դարի սկզբում ենք: Նոր դար՝ նոր խնդիրներ: Բայց, կարծում եմ, մեր երկու պետությունների և ժողովուրդների համար սա նաև մեծ հնարավորություն է», -ասել է նախագահը: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները: Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է վարչապետի կարգավիճակով առաջին անգամ այցելել Հայաստան և հնարավորություն ունենալ իր նպաստը բերել երկու ժողովուրդների դարավոր կապերի ավելի սերտացմանը։ «Մեր բարեկամությունն ամրապնդել են մեր նախնիները, իսկ մենք այժմ պետք է ավելի շատ գործի մասին մտածենք: Այստեղ ենք այն տրամադրվածությամբ, որ մեր տնտեսական համագործակցությունը ազդեցություն ունենա մեր ժողովուրդների բարեկեցության վրա»,-նշել է Վրաստանի վարչապետը: Հայաստանի նախագահ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գախարիայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք պարոն վարչապետի հետ քննարկեցինք շատ կարևոր մի քանի հարցեր: Եվ իմ եզրակացությունը նույնն է. մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են,-ասել է նախագահ Սարգսյանը:- Մենք միասին կարող ենք շատ բաներ անել: Ուզում եմ, որ պարոն վարչապետը վստահ լինի՝ և՛ Հայաստանի ժողովուրդը, և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանեն, որ այդ հնարավորություններն իրականություն դառնան»: Իր հերթին վարչապետ Գախարիան նշել է. «Մենք քննարկեցինք հարցեր, թե ինչ պետք է անեն մեր երիտասարդները, քաղաքացիները, որ գլոբալ, մրցունակ աշխարհում լինեն համարձակ, օգտագործեն օրվա բոլոր հնարավորությունները և դառնան էլ ավելի մրցունակ ու նախաձեռնող: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով կհասնենք նրան, որ մեր քաղաքացիները կկարողանան հաղթահարել այս մրցակցությունը: Ինձ համար գործնականում դա նշանակում է հարաբերությունների սերտացում տնտեսության մեջ, քաղաքականության, մշակույթի, կրթության բնագավառներում»: Ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունները ու համագործակցության արդյունքները ծառայելու են երկու երկրների քաղաքացիների բարեկեցությանը՝ զրուցակիցները կարևորել են գործնական քայլերի իրականացումը: Կողմերը մտքեր են փոխանակել նոր տեխնոլոգիաների, կրթության ու գիտության, սննդի անվտանգության ոլորտներում, ինչպես նաև նախագահական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրեր իրականացվելու հնարավորությունների վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր