211652_close_icon
views-count940 դիտում article-date 20:58 14-10-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում Ձեր ավանդը և շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները»: Կողմերը գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա փոխգործակցության և ապակենտրոնացված համագործակցության առնչությամբ՝ ուղղված ժողովուրդների բարեկամության և մարդկանց միջև շփումների ամրապնդմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիրաժեք կիրառումը և այդ ձևաչափում համատեղ ջանքերի գործադրումը։ Նախարարը ֆրանսիական պատվիրակության խնդրանքով անդրադարձավ Հայաստանում Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների լայն օրակարգին՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, ովքեր օգտվում են մարդու անօտարելի իրավունքներից, իսկ մարդկային շփումները դրանց անքակտելի մասն են կազմում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր