211652_close_icon
views-count1649 դիտում article-date 15:50 14-10-2019

Մշակվում են հնարավոր բոլոր քայլերը Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը, Հալեպում՝ հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ: «Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել, այս գործում աջակցություն ստանան: Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից տեղերում մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աննա Նաղդալյանը: Ըստ տեղեկությունների՝ Սիրիայում հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է 3 հազար, հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում: Աննա Նաղդալյանը նշեց, որ այս հատվածների մոտակայքում զինված բախումներ չեն եղել, այս պահի դրությամբ դրված չէ այդտեղից հայերի դուրսբերման հարցը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Նմանատիպ նյութեր