211652_close_icon
views-count20765 դիտում article-date 13:00 14-10-2019

Գնահատենք ու փայփայենք մեր պանծալի մեծերից մեզ հասած երգարվեստի անգնահատելի գանձերը՝ ինչն այսօր դեռ ունենք. Գագիկ Սուրենյան

Հայ ժողովուրդը միշտ ապրել է հայկական ժողովրդական երգեր լսելով ու երգելով: Գյուղացին մաճը բռնած Կոմիտաս է երգել, մայրը օրորոցին կռացած մեղմիկ «նանիկներ» երգելով երեխային է քնացրել: Հայը ամենուր Ջիվանի, Շերամ, Շահեն, Հավասի, Աշոտ է երգել: Շարա Տալյանի երգերը սարերում ու հանդերում են հնչել: Տխուր եգերի հետ նաեւ ուրախ երգեր են երգել հարսանիքներին, մանուկների ծնունդին: Շատ երգեր դարերի խորքից պահպանել, եկել, մեզ են հասել: Հիմա մի քիչ փոխվել է դարը: Երիտասարդները, միջին սերունդը արտասահմանյան աղմկոտ երգ ու երաժշտություն են լսում, բայց ժողովրդական ֆոլկլյորը երբեք չի հնանում: Բայց որոշների մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ մեր ժողովրդական, գուսանական արվեստը մարելու նախաշեմին է, քանի որ, չկան այնպիսի երգիչներ, որոնք կփոխարինեն Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթևոսյանին, Հովհաննես Բադալյանին, մեր մյուս հանրաճանաչ ժողովրդական երգիչներին․․․ Բնականաբար նշված եւ չնշված շատ անուններ կարելի է թվարկել, ովքեր անժխտելի մեծություններ են, ովքեր իրենց անջնջելի հետքն են թողել հայ երգարվեստում։ Ես ինքնս, լինելով Օֆելյա Համբարձումյանի ամենամտերիմ ընկեներից մեկը, քաջատեղյակ եմ մեր ժողովրդական և գուսանական երգերի կատարողական արվեստի բարդ նրբություններին։ Քաջատեղյակ եմ նաեւ, թե ՀՀ ժողովրդական արտիստ, դոկտոր պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը՝ Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավարը, գուսանական երգերի ապրեցնողն ու ջատագովը, ով հայ երգի նվիրյալ է և տասնամյակներ շարունակ մեր ժողովրդական-գուսանական երգարվեստը պահում է բարձրագույն մակարդակի վրա, ինչքան հայից հայ է, որ տասնամյակներ շարունակ սիրով ու քրտնաջան կրթում է իր սաներին, հայ ժողովրդական ու գուսանական երգերը կենդանի պահելու, նոր երգիչ-երգչուհիններ պատրաստելու եւ իր ազգին նվիրելու համար: Նրանց լսելիս մարդ պարզապես հպարտություն է ապրում, հույս ու հավատով լցվում, որ հայ երգարվեստի այսպիսի նվիրյալ սերունդ է մեծանում։ Թովմաս Պողոսյանի սաների երգը ինձ հիշեցնում է մեր մեծանուն երգիչների անզուգական կատարումները: Իհարկե՛, սա իմ խիստ անձնական կարծիքն է, բայց չեմ կասկածում, որ նրանց լսելուց հետո չեք համաձայնի ինձ հետ: Թող ինձ ներեն մյուս երգիչ-երգչուհիները, ում անունները չեմ հիշատակի, բոլորն էլ շատ լավն են, բայց ուզում եմ առանձնացնել Հովհաննես Մանուչարյանին, Անանիա Հովսեփյանին, Արթուր Մնացականյանին, Սարգիս Խաչատրյանին, ովքեր իրենց աշխատանքով, բարձր արվեստով արժանի են կոչումներ ստանալու։ Եթե նկատել եք, ՀՀ վաստակավոր արտիստի կոչումներ ստանում են հատկապես էստրադային երգիչները: Մի տեսակ հետին պլան են մղվել տարիներ շարունակ հայ եւ գուսանական երգեր կատարող այն երգիչ-երգչուհիները, ովքեր խոնարհաբար ժողովրդական-գուսանական երգերի կատարումներով ծառայում են հայ ժողովդին եւ թույլ չեն տալիս, որ մոռացվի երգարվեստի ամենասիրված ճյուղերից մեկը, ինչը խիստ ուշադրության կարիք է զգում ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ այլ միջոցներով պրոպագանդելու, հայ ժողովրդին մերը՝ հայկականը, լսելի դարձնելու եւ այն ապրեցնելու, երիտասարդ ու մատաղ սերնդին փոխանցելու համար: Գնահատենք ու փայփայենք մեր պանծալի մեծերից մեզ հասած երգարվեստի անգնահատելի գանձերը՝ ինչն այսօր դեռ ունենք: Թույլ չտանք, որ մոռացվի, այնուհետ մահանա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ կիսվեց [b]Գագիկ Սուրենյանը[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր