211652_close_icon
views-count606 դիտում article-date 16:10 14-10-2019

Միջազգային փորձագետները Երևանում կքննարկեն բարձրագույն կրթության որակի ապահովման հեռանկարները

Հոկտեմբերի 17-18-ին Երևանում տեղի կունենա Բարձրագույն կրթության որապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 10-րդ ընդհանուր վեհաժողովը։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ այս վեհաժողովը 2015-ին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունն է․ Երևանի կոմյունիկեով շեշտադրվեց ուսանողակենտրոն, ուսուցանող կրթությունը, այժմ նույն քննարկումը շարունակվելու է որակի ապահովման տեսանկյունից։ Երկօրյա միջոցառման ընթացքում կքննարկվի, թե որոնք են բարձրագույն կրթության որակի ապահովման մարտահրավերները և ինչպիսին պետք է լինի կրթության որակի ապահովումն ապագայում, ինչ դերակատարություն են ունենալու ENQA-ն և նրա անդամներն ապագայի զարգացումներում, ինչպիսին է լինելու Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։ Բացի այդ, կքննարկվեն հետխորհրդային երկրների խնդիրները կրթության որակի ապահովման ոլորտում, տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ հավատարմագրումները՝ որպես տարածաշրջանի երկրների նկատմամբ վստահություն ձևավորելու միջոց։ Վեհաժողովին կմասնակցեն ENQA-ի անդամ հավատարմագրման գործակալությունները ներկայացնող 100-ից ավել կրթության կառավարման և որակի ապահովման մասնագետներ Բոլոնիայի անդամ երկրներից։ Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը։ Վեհաժողովի կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA)։ Հոկտեմբերի 16-ին հիմնական վեհաժողովից առաջ տեղի կունենա նախնական միջոցառում «Բացահայտեք հայկական մշակույթը ՈԱԱԿ-ի հետ» խորագրով, որի ընթացքում օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական պատմամշակութային մի շարք հուշարձանների, հայկական խոհանոցին և ծիսական մի քանի ավանդույթների։ ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում (ԵԲԿՏ) գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը ԵԲԿ տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։ ՈԱԱԿ-ը ENQA լիիրավ անդամ է 2017 թվականից ի վեր։ [b] ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր