211652_close_icon
views-count72491 դիտում article-date 12:40 14-10-2019

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Արցախի Հանրապետությունում ամենաթեժ կետերից մեկը համարվող Ջաբրայիլում բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն այսօր արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: [url=https://armenpress.am/arm/news/991531.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում դեպքի մասին պատմեց Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը: «Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում ուժեղ ցավերով, ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվել է, որ կույրաղիքը պայթել է, և սկսվել է բորբոքում: Տրվել է կույրաղիքի որդանման լաբիրինթ բորբոքում ախտորոշում։ Հոսպիտալի բժիշկներն անմիջապես ձեռնամուխ են եղել վիրահատության»,-պատմում է մայրն ու նկատում՝ նույնիսկ նախավիրահատական շրջանին պատրաստվելու հնարավորություն չեն ունեցել: Մոտ 5 ու կես ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել տղայի կյանքը: Հայկ Խաչատրյանը հիմա գտնվում է մայրական խնամքի արձակուրդում: Մայրը՝ Թամարա Բաղդասարյանը ոգևորվածությամբ է նշում՝ որդին հիմա արդեն լավ է զգում: «Երկրորդ վիրահատության վտանգ կար, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, դրա կարիքն այլևս չկա։ Մինչև կյանքիս վերջ պարտական եմ հոսպիտալի բժիշկներին: Ուզում եմ հատուկ նշել վիրաբույժներ Արամ Անտոնյանին և Հովհաննես Եղոյանին»,-նշեց նա ու հավելեց՝ զորամասի հրամանատարը ևս շատ հետևողական է եղել: Զինծառայողի մայրը տպավորված է հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրությամբ, հոգատարությամբ: «Այդ ծայրամասում այդ տեսակի խնամքից զարմացած եմ»,-նշեց նա: Հայկը զինվորական ծառայությանը կվերադառնա արդեն հոկտեմբերի 23-ից:

Նմանատիպ նյութեր