211652_close_icon
views-count1317 դիտում article-date 23:30 11-10-2019

ԱՄՆ-ում հայ հայտնի փաստաբանները ՄԻՊ աշխատակազմին են ներկայացրել ազատությունից զրկվածի իրավունքները և իրավական վերլուծության կանոնները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր դասախոսությամբ են հանդես եկել ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահներ Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերքոնեանը: Մարդու իրավունքների պաշտպանը բացման խոսքում բարձր է գնահատել Գարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնեանի` ողջ աշխարհում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը: Նրանք ԱՄՆ-ում հայտնի փաստաբաններ են, ովքեր անմիջական ուշադրության ներքո են պահում նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակը և աջակցում մեզ իրավապաշտպան աշխատանքներում: Գարո Ղազարյանը ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրեական գործերով փաստաբանների աշխատանքի առանձնահատկությունները, ազատությունից զրկված անձանց իրավունքները և իրավապահ մարմինների պարտականությունները: Քննարկվել են ամերիկյան իրավակիրառ պրակտիկայից վերցված կոնկրետ օրինակներ՝ դրանք համեմատելով Հայաստանում ձերբակալության և կալանավորման դեպքերի հետ: Գառնիկ Քերքոնեանը մանրամասն անդրադարձ է կատարել իրավական ճիշտ վերլուծություն իրականացնելու կանոններին, այդ վերլուծություններում կոնկրետ գործերով փաստերի ու օրենքների օգտագործման պահանջներին: Քննարկվել են փաստաբանի կողմից դատարան ներկայացվող փաստաթղթերի կազման սկզբունքներն ԱՄՆ-ում, ինչպես նաև փաստաբանի կողմից բողոք կազմելու սկզբունքները: Հանդիպման ավարտին տեղի են ունեցել ամերիկյան փորձի համադրմամբ քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրներով:

Նմանատիպ նյութեր