211652_close_icon
views-count1500 դիտում article-date 20:45 11-10-2019

Բացատրական աշխատանք և կամավոր հանձնում

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը՝ հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա: Կամավոր հանձնելու մի քանի դեպք է գրանցվել հոկտեմբերի 10-ին հանրապետության տարբեր տարածքներում: Ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Դալար գյուղի 57-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Մարտունու բնակիչ 23-ամյա երիտասարդը Մարտունու բաժնում կամավոր հանձնել է մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Նույն բաժին է ներկայացել նաև Աստղաձոր գյուղի 53-ամյա մի բնակիչ ու կամավոր հանձնել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: Մի դեպք էլ գրանցվել է ոստիկանության Սիսիանի բաժնում: Ներկայացած 63-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և հայտնել, որ այն գտել է 1993 թվականի մարտին, Արցախյան պատերազմի ժամանակ, պահել իրենց շենքի դիմաց դրված իր վագոն-տնակում և մոռացության մատնել: Նույն օրը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Դովեղ գյուղի 56-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ըստ նրա՝ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր