211652_close_icon
views-count7779 դիտում article-date 14:10 11-10-2019

Թուրքիայի ներխուժումը Սիրիա մարդասիրական ճգնաժամի սպառնալիք է ստեղծել

Թուրքիայի գործողությունները հյուսիսային Սիրիայում սպառնում են վերածվել մարդասիրական ճգնաժամի: Ռազմական գործողությունների գոտում հայտնված ազգաբնակչությունը հեռանում է այստեղի իր բնակավայրերից: Միջազգային և տեղական բազմաթիվ կառույցներ հայտնում են, որ հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են վտանգի ներքո, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5118863.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունները հյուսիսային Սիրիայում հանգեցրել են փախստականների նորանոր ալիքների, հատկապես տեղի քուրդ, քրիստոնյա ու եզդի ազգաբնակչության շրջանում: Միջազգային կարմիր խաչը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներխուժումից հետո հյուսիսային Սիրիայում տեղի շուրջ երկու միլիոն ազգաբնակչության ճակատագրի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջիններս արդեն մի քանի անգամ վտանգի են ենթարկվել Դաեշ-ի և իսլամիստ այլ խմբերի հարձակումների հետևանքով: Թուրքիան հայտարարում է, որ ներխուժման ու ռազմական գործողության հիմնական նպատակն է մաքրել այս տարածքները ահաբեկիչներից և ստեղծել այստեղ անվտանգության գոտի, ուր կտեղափոխվեն բազմաթիվ փախստականներ Սիրիայից: Սակայն տեղական և միջազգային մարդասիրականն կառույցները վերապահումով են մոտենում Թուրքիայի նախագահ Էրդողանի այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ գործուղությունները որևէ աղերս չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ և միտված են փոխելու այս տարածքների ժողովրդագրական կազմը: Իրաքի Քրդստանի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ չունեն համապատասխան միջոցներ և հնարավորություն Սիրիայի հյուսիսից բոլոր տեղահանվածներին ապահովելու համար: Միևնույն ժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ուր գերիշխում են քրդական զորամիավորումները, կոչ են անում միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել հյուսիսային Սիրիային՝ ընդգծելով, որ իրավիճակն այստեղ մոտ է մարդասիարական ճգնաժամին: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, չնայած արտաքին դժգոհությանը, Թուրքիան կշարունակի իր գործողություններն այստեղ, քանի որ Անկարայի հիմնական նպատակներից է դեպի այս շրջաններ հնարավորին չափով մեծաթիվ փախստականներ տեղափոխելը: Դա այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:

Նմանատիպ նյութեր