211652_close_icon
views-count1294 դիտում article-date 23:03 10-10-2019

Արման Թաթոյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցեր։ Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հատկապես վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի բացառման գործում, կարևորվել է առանձին ոլորտներում իրականացվող իրազեկման աշխատանքները: ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ աշխատանքը և տեղեկացրել է, որ Հայաստանում Եվրոպայի միության հետ ունեն հաջողված համագործակցություն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համատեղ աշխատանքի ուղղությունները։

Նմանատիպ նյութեր