211652_close_icon
views-count1849 դիտում article-date 15:37 10-10-2019

Չի լինի տենց, որ Կառավարության անդամները գան, նիստին տեղյակ լինեն, թե ինչ է քննարկվում. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կազմակերպել և իրականացնել 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։ Նա նշեց, որ Կառավարության որոշմամբ տոնը հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրն է նշվում և, ըստ այդ, հոկտեմբերի 12-ին պետք է նշվեր, սակայն հաշվի առնելով, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, օտարերկրացի հյուրեր են եկել մասնակցելու, աշխատանքի կազմակերպման համար ցանկալի է, որ օրը լինի ճկուն։ Միջոցառումների ծրագրին աջակցության թեմայի շուրջ տարածված քննարկումներին արձագանքեց վարչապետը․ «Այդ պրոբլեմը ինչո՞ւ չի լուծվում, որ ամեն անգամ պարզվում է, թե ինչ-որ տեղ չի գնացել նախագիծը»: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ միջոցառման օրը փոխվել է՝ պայմանավորված մրցութային ընթացակարգերի թերի լինելով: «Քաղաքապետարանից նախագիծն ստացել ենք ուշ և, քանի որ ժամկետների խնդիր կա, նախագիծը ներառվել է օրակարգ»,-ասաց նա: Շարունակելով խոսքը՝ Փաշինյանը նշեց, որ այս հարցերը պետք է լուծել: «Չի լինի տենց, որ Կառավարության անդամները գան նիստին, տեղյակ լինեն, թե ինչ է քննարկվում»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցը նախարարական նիստին ներկայացված չի եղել: «Կարևորը՝ օր ֆիքսել այս մասշտաբի միջոցառման համար»,- ասաց նա և նշեց, որ այս տարի կարող են բացառություն անել, սակայն մյուս տարիների համար անհրաժեշտ է հստակ օր ֆիքսել, որպեսզի խնդիրներ չառաջանան այլ միջոցառումների ժամկետների հետ: Վարչապետը կոչ արեց ընդունել նախագիծը և այս տարի բացառություն անել. նախագիծն ընդունվեց:

Նմանատիպ նյութեր