211652_close_icon
views-count1817 դիտում article-date 10:38 09-10-2019

«Բաց հասարակություն» հիմնադրամին հալածում են․ իրականում ի՞նչ է եղել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Բաց հասարակություն» հիմնադրամի (առավել հայտնի «Սորոսի գրասենյակ») հանդեպ, ըստ իշխող թիմը ներկայացնող պատգամավոր Գայանե Աբրահամյանի, անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել: Պատգամավորը երեկ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է, որ ամռանը, երբ այս հիմնադրամի աջակցությամբ մի խումբ ուսուցիչներ տարբեր մարզեր են մեկնել` երեխաներին կրթելու, հարձակման են ենթարկվել: Ովքե՞ր են եղել այդ ուսուցիչները, ի՞նչն է եղել այդ բախման պատճառը: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ԱԺ պատգամավորի հետ առանձին զրույցում, սակայն Աբրահամյանը միայն նշեց, որ տարբեր ուսուցիչներ են եղել, ովքեր մարզերում հայոց լեզվի ու մաթեմատիկայի դասեր են տվել երեխաներին ու երբ վերադարձել են Երևան` «Բաց հասարակություն» հիմնադրամի գրասենյակ` իրենց ճանապարհածախսերի համար փոխհատուցում ստանալու, հարձակման են ենթարկվել: Պատգամավորը ծանուցեց, որ հարձակումն իրականացվել է Նարեկ Մալյանի և մի խումբ անձանց կողմից: Սակայն այդպես էլ հասկանալի չեղավ` որ մարզում են եղել նրանք, որտեղ և կոնկրետ ում կողմից են հարձակման ենթարկվել, ու ինչու այդ մասին իրավապահները տեղյակ չեն: Նկատենք, որ «Սորոսի գրասենյակի» նկատմամբ ճնշումների մասին պատգամավորները՝ ի դեմս Մարիա Կարապետյանի, Արթուր Հովհաննիսյանի, Գայանե Աբրահամյանի, սկսեցին խոսել այն պահից, երբ Մալյանի հերթապահող խումբը ընդհարում ունեցավ գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ: Լուրեր կան, որ հանրության շրջանում առավել հայտնի «սորոսականները» վիրավորված են, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դանիբեկյանի հետ հայտնի միջադեպից հետո երիտասարդները կալանավորվեցին, սակայն հիմնադրամի տնօրենի նկատմամբ ոտնձգություն իրականացնողները մնում են ազատության մեջ: Այս երկու երևույթները «Սորոսի գրասենյակում» և դրա պատերից դուրս շատ է քննարկվում, և մեղադրանքներ են հնչում իշխանությունների հասցեին «սորոսականների» նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Եվ, ահա, երեկ էլ իշխող թիմի պատգամավորները ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ անդուրժողականության մթնոլորտը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան, որին, սակայն, միացան «Իմ քայլը» խմբակցությունից 6 հոգի. Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանն ու Հերիքնազ Տիգրանյանը»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր