211652_close_icon
views-count887 դիտում article-date 23:07 07-10-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռաշիդ Հաջիին: Վեհափառ Հայրապետը նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին մաղթեց արդյունավոր առաքելություն Հայաստանում` ի շահ և ի բարօրություն երկու երկրների և ժողովուրդների: Հանդիպմանը Հայոց Հայրապետը խոսեց երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի մասին` հույս հայտնելով, որ պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջիի գործունեությունը կնպաստի նաև առկա գործակցության առավել խորացմանն ու զարգացմանը: Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի կյանքին` Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ շնորհիվ Իրաքի իշխանությունների հոգատար վերաբերմունքի Հայոց Ցեղասպանությունից հետո երկրում ապաստան գտած հայորդիները հնարավորություն են ունեցել ազատորեն ապրելու իրենց ազգային և հոգևոր կյանքով և իրենց նպաստը բերելու երկրի առաջընթացին: Իր հերթին ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ կատարեց հայ-իրաքյան համագործակցության արձանագրած արդյունքներին և հայ համայնքի կյանքին: Փոխադարձ կապերի զորացման գործում պրն. Էզզադդին Ռաշիդ Հաջին կարևոր նկատեց Հայոց Եկեղեցու դերակատարությունը: Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մերձավոր Արևելքում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորի զորակցությունը Իրաքի ժողովրդին, որպեսզի վերականգնի իր խաղաղ, ապահով ու բարօր կյանքի ընթացքը:

Նմանատիպ նյութեր