211652_close_icon
views-count2419 դիտում article-date 22:29 06-10-2019

Հակոբ Արշակյանը և նրա հրավերով Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերը մասնակցել են «Դիջիթեք Էքսպո 2019»-ի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկին՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Պատվավոր հյուրերի թվում էին «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և «Մուբադալա» ներդրումային ֆոնդի փոխնախագահն ու փոխգործադիր տնօրենը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԴիջիԹեքի ավանդական պլատինե հովանավոր «Ucom» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ողջունել են ցուցահանդեսի մասնակիցներին։ Նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում բարձր է գնահատել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության դերը «Դիջիթեք Էքսպո»-ի կազմակերպման և անցկացման գործում։ Նա նշել է, որ մեծ ջանքերի և աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանում ամենամյա նման միջոցառում կա, որը պետք է տարեցտարի ավելի զարգացնել, ընդլայնել և ավելացնել աջակցությունը։ Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ «Դիջիթեք Էքսպո»-ին զուգահեռ մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որի հարյուրավոր հյուրերը տասնյակ երկրներից, այդ թվում նաև՝ պաշտոնական պատվիրակությունները, այցելելու են «Դիջիթեք» ցուցահանդեսին: Նախարարը նշել է, որ սա մեծ հնարավորություն է՝ ներկայացնելու հայկական արտադրանքը և մեր ծառայություններով ու պրոդուկտներով դուրս գալ տարածաշրջան։ Նախարարը նաև ընդգծել է, որ Մուբադալա ֆոնդը, որն Աբու Դաբիի պետական, պաշտոնական ֆոնդն է՝ շուրջ 200 միլիարդ ակտիվներով, մեծ հնարավորություն է տեսնում ներդրումներ կատարելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում։ Բացման հանդիսությունից հետո բարձրաստիճան հյուրերը շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանը, արտադրանքին և ծառայություններին։ Ցուցահանդեսն այս տարի յուրահատուկ է նրանով, որ տաղավարներ են հատկացվել նորաստեղծ ստարտափ, ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններին։ «Դիջիթեք Էքսպո 2019»-ին առանձին տաղավարով հանդես է գալիս նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխադարձ գործունեության պայմանագիր, որով «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների մեթոդաբանությունն ու ուսումնական մոդելը՝ որպես պիլոտային ծրագիր, կարտահանվի Հնդկաստանի 2 դպրոցներում: «ԴիջիԹեքն» իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր