2422 դիտում
17:44 04-10-2019
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կկայանա մեծ համերգ լեգենդար ջութակահար Պինխաս Ցուկերմանի մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 7 ին ժամը 20-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է մեծ համերգ. լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյի ընքացքում կհնչեն երկու գլուխգործոցներ. Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը` երկու ջութակների համար:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր` Դիանա Ադամյանը:
[b]Պինկաս Ցուկերման [/b]
Արդեն շուրջ կես դար տասնամյակ Պինխաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ:
Ցուկերմանը հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը և Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը: 2017թ-ից Ցուկերմանը Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի “Ձմեռային փառատոնի” և կրթական ծրագրի գեղարվեստական ղեկավար է: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերի ականավոր մենակատարների հետ`կամերային անսամբլով:
Պինկաս Ցուկերմանը ծնվել է 1948 թ., Թել-Ավիվում: ԱՄՆ է մեկնել 1962-ին, ուսանել է Ջուլիարդի դպրոցում՝ անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ։ Իբրև մենակատար նվագել է մոլորակի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ` անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Վերջին տասնամյակում նա հավասարապես ելույթներ է ունենում որպես դիրիժոր՝ ղեկավարելով աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր:
Պինխաս Ցուկերմանի լայնածավալ դիսկոգրաֆիան ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմիի մրցանակի թեկնածու, երկու անգամ՝ մրցանակակիր: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերությունների համար։ 2016թ.-ին Deutsche Grammophon և Philips ընկերությունները թողարկել են 22 ձայներիզիներից բաղկացած ժողովածուն` բարոք, դասական և ռոմանտիկ կոնցերտների և կամերային երաժշտության Ցուկերմանի կատարումներով:
Պինխաս Ցուկերման հանճարեղ երաժիշտը և մեծ անհատականությունը ոգեշնչման աղբյուր է երիտասարդ արվեստագետների համար: Նա Մանհեթենի երաժշտական ակադեմիայում ղեկավարում է «Պինխաս Ցուկերման» կատարողական ծրագիրը: Կանադայում հիմնադրել է նվագախմբային հետազոտությունների NAC և Ամառային երաժշտական ինստիտուտները. վերջինսը ծրագրեր է իրականացնում երիտասարդ արվեստագետների, դիրիժորների և ստեղծագործողների համար։
Իբրև կատարող և հանդիսավար նա հրավիրվել է Գրեմմի մրցանակաբաշխության արարողությանը, ինչպես նաև` Քենեդիի Պատվո կենտրոն։ 2004 թվականին CBC ընկերությունը ձայնագրել է տասը մասից բաղկացած ֆիլմաշար՝ «Կոնցերտ ըստ Պինկասի», որը հեռարձակվել է ամբողջ աշխարհում։ Ցուկերմանի ջութակը հնչում է «Մակընթացության տիրակալը» և «Արագացված խնամք» կինոնկարներում։ Իբրև կամերային երաժիշտ նա նվագել է երաժշտական աշխարհի այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դանիել Բարենբոյմը, Վլադիմիր Աշկենազին, Իցհակ Պեռլմանը, «Տոկիո» լարային քառյակը, Եֆիմ Բրոնֆմանը, Ժակլին դյու Պրեն։ 2003-ին նա հիմնել է «Ցուկերման կամերային նվագողներ» համույթը, որը վերջին չորս տարիներին ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և փառատոներում։
Պինխաս Ցուկերմանը պարգևատրվել է Իսահակ Սթերնի անվան գեղարվեստական գերազանցության մրցանակով, ստացել է «Սողոմոն թագավոր» պարգևը: 1983-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան պարգևատրել է Արվեստի ազգային մեդալով: Նա երաժշտության բնագավառում «Ռոլեքս մենտոր և արվեստի նախաձեռնության հովանավոր» ծրագրի առաջին գործիքային ուսուցիչն է:
Պինխաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով։
«Ցուկերմանը կարծես մի հավերժ երիտասարդ վիրտուոզ լինի՝ արտահայտչականորեն ճարպիկ, վարակիչ կերպով երաժշտական, տեխնիկապես անբասիր, թեթևասահ։ Ինչպես միշտ, նրա երաժշտական ընկերակցության մեջ լինելը մեծ ուրախություն է » (Լոս Անջելես թայմս):
Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները , թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ և բացառիկ համերգ ՝երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2561 դիտում
17:53 11-09-2016
Կկայանա «Երևանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը