211652_close_icon
views-count1247 դիտում article-date 12:22 04-10-2019

Հայու Ջանը տպավորված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունից

Հանրաճանաչ դաշնակահար Հայու Ջանը և Հայաստանի պետական կամերային նվագախումբն ինքնատիպ համերգով հանդես եկան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հոկտեմբերի 3-ի համերգին հնչեցին Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները: Հայու Ջանը (Չինաստան) երեկոյի ընթացքում հանդես եկավ Կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) հետ որպես դիրիժոր և դաշնակահար: Նա արդեն երկրորդ անգամ էր մեր երկրում, նախորդ տարի կրկին ելույթ էր ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ և իր երկիր վերադարձել շատ տպավորված: Երաժիշտը փաստում է՝ ծանոթ է Արամ Խաչատրյանին, Կոմիտասին ու տեսնում է, որ մեր երկրում երաժշտության մակարդակը չափազանց բարձր է: «Նախորդ այցից հետո հասկացա, որ Կամերայի նվագախումբը փայլուն հնչողություն ունի, նրանք հիանալի են ներկայացնում ստեղծագործությունները: Այս անգամ որոշել էինք միասին ներկայացնել Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը, որը կոմպոզիտորի վաղ շրջանի ստեղծագործություններից է, և ինձ համար հանճարեղ գործ: Այն բավականին բարդ է կատարել, բայց վերջերս արդեն երեք անգամ կատարել եմ»,-ասում է Հայու Ջանը: Հայ հանդիսատեսը համերգի ավարտին երաժշտին բաց չթողեց առանց բիսերի.նա երեք անգամ վերադարձավ բեմ՝ կատարելու ինքնատիպ գործեր: Ի դեպ, Հայու Ջանը ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Դաշնակահարը համերգային գործունեություն ծավալելուց բացի Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է: Նա վարպետության դասեր է անցկացնում Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում: Հայու Ջանը դաշնամուրի առաջին դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց 150 թեկնածուներից ընտրվել և ընդունվել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ:

Նմանատիպ նյութեր