211652_close_icon
views-count1229 դիտում article-date 15:40 04-10-2019

Գառնառիճ համայնքում կառուցվում է Հայաստանում եզակի ծղոտե հիմքով հյուրատուն

Գառնառիճ համայնքում կառուցվում է Հայաստանում եզակի ծղոտե հիմքով հյուրատուն: Շիրակի մարզի հյուսիսում՝ Գառնառիճում, գտնվող տնակը Արփի լճի ափին է: Նախաձեռնությունը Գյումրիի բնակիչ Արմեն Իգիթյանինն է. Արփի լճի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Գառնառիճ համայնքն իր վայրի բնությամբ այնքան է գրավել Արմեն Իգիթյանին, որ նա 2 տարի առաջ որոշել է Գյումրուց տեղափոխվել գյուղ և կյանքի կոչել իր բիզնես գաղափարը` բնական նյութերից տուն կառուցել և դարձնել հյուրատուն։ Գառնառիճի հին ու խարխլված տների կողքին հիմա նա կառուցում է նորը՝ Հայաստանում դեռ նմանը չունեցող տեխնոլոգիայով։ Փայտե կոնստրուկցիայով, ծղոտե տան նախագծից մինչև շինարարական աշխատանք ու կահույք սեփական ձեռքերով է պատրաստում։ Նախաձեռնությունն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համաֆինանսավորմամբ։ Նորամուծությունն այն է, որ կառույցի համար շինանյութ են ծառայում ծղոտն ու կավը։ Որպես հումք օգտագործում է տարածաշրջանում աճեցված հաճարի ծղոտը։ Հյուրատան համար օգտագործվել է 400 հակ ծղոտ։ Հատուկ՝ հորիզոնական դասավորությունն ու շաղախը, որում նաև տուֆի փոշի է օգտագործվում, ոչ միայն պատսպարում են ցրտից ու շոգից, այլև ձայնամեկուսացում են ապահովում։ «Նաև նպատակ կա էկոտուրիզմի զարգացման համար բնական մթերքներով սնունդ ապահովել հյուրերի համար, տարածքում ձիարշավներ և սիրողական ձկնորսություն կազմակերպել: Այս հյուրատնից կօգտվեն նաև համայնքի բնակիչները. կիրացվի նրանց արտադրած սնունդը»,- «[url=https://armenpress.am/arm/news/990467.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց Արմեն Իգիթյանը։ Հիմա նա 2 տուն է կառուցում, յուրաքանչյուրը` 6 մարդու համար: Տեղադրվելու են արևային էներգիայի վահանակներ և ջրատաքացուցիչներ: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են և հենց այս ձմռանն էլ հյուրատները պատրաստ կլինեն դիմավորել զբոսաշրջիկներին:

Նմանատիպ նյութեր