211652_close_icon
views-count1489 դիտում article-date 20:25 03-10-2019

Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Հայկական կողմի աշխատանքների արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով, Համաձայնագրում լրացվել է դրույթ, որի համաձայն ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման: Համաձայնագիրն, ըստ էության, բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, միաժամանակ ստեղծում է նախադրյալներ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու և ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու համար: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին առանց լրացուցիչ ծախսերի ԵԱՏՄ շուկայում իրացնելու սեփական արտադրանքը: Համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացն արդեն իսկ ավարտվել է և հոկտեմբերի 25-ին նախատեսվում է այն ներկայացնել ստորագրման ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։

Նմանատիպ նյութեր