211652_close_icon
views-count1478 դիտում article-date 11:23 03-10-2019

Նորաշեն համայնքում խախտվում են ՀՀ քաղաքացու իրավունքները և ՏԻՄ օրենսգիրքը. բաց նամակ

[b]Աժ նախագահ՝ Արարատ Միրզոյանին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ Լիլիթ Մակունցին ԲՀԿ խմբակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Էդմոն Մարուքյանին Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանին[/b] Հարգելի օրենսդիրնե՛ր, արդեն երրորդ օրն է, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում խախտվում է ՏԻՄ օրենսգիրքը, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները: 2016թ-ի սեպտեմբերին 18-ին, Նորաշեն համայնքի 1024 բնակիչ իր ձայնն է տվել ներկայիս գյուղապետ Նորայր Գրիգորյանին: Հավատացե՛ք, երեք տարիների ընթացքում, նրա կատարած աշխատանքների, եւ մարդկային պարզ հարաբերությունների շնորհիվ այդ թիվը մի քանի հարյուրով ավելացել է: Սակայն, այսօր, համայնքի անդորրը խռովված է, քանի որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, քիննախնդրության պատճառով Նորաշենի ավագանիներից չորսին համայնքապետի դեմ տրամադրելով, հասավ նրան, որ կեղծ հիմքերով համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու կարգադրություն է տվել, եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ավագանու անդամի լիազորությունները վայր չդրած Արտակ Հարությունյանին: Ինչպես կարգադրությունը, այնպես էլ ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին ինչ-որ անօրինական թերթիկներ ցույց տալով, մարզպետը խախտում է թե՛ ՏԻՄ օրենքը, թե՛ երկրի մայր օրենքը՝ Սահմնադրությունը, բռնանալով քաղաքացու ազատ ընտրության վրա: ԶԼՄ-ներին եւ պատկան մարմիններին ներկայացվում է, թե Նորայր Գրիգորյանը վեց ամիս ավագանու նիստ չի հրավիրել, դա ակնհայտ սուտ է, որը բացահայտող փաստերն արդեն հրապարակել ենք: Ու, հիմա, երբ այդ կեղծիքը հանրայնացվել է Գարիկ Սարգսյանը՝ խուսափելով պատասխանատվությունից չի նահանջում եւ շարունակում է ապօրինությունը: Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, բռնե՛ք օրենքը խախտող ձեռքը, որ մենք՝ շարքային քաղաքացիներս կասկածի տակ չառնենք մեր երկրում օրենքի գերակայությանը: Մի թույլ տվե՛ք, որ անձը՝ ոտնահարելով օրենքները, շրջանցի մայր օրենքն ու դառնա նախադեպ մյուս պաշտոնյաների համար՝ իրենց անհաճո մարդկանցից ազատվել օրենքի վրայով լոք անելով: Թույլ մի տվեք, որ ՀՀ քաղաքացու իրավունքները ոտնահարվի, մենք մեր ընտրությունը կատարել ենք 2016թ-ին, հաջորդ ընտրությունը 2020թ-ին է, մի խանգարեք մեզ ապրել, թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը, ով տարբեր սկանդալային իրավիճակներում է հայտնվել, մարդ ով անգամ չգիտի թե իր ղեկավարած մարզն ու հայրենիքը քանի կիլոմետր է, մի ամբողջ գյուղի առօրյան խառնի: Արդեն քանի տարի լսում ենք՝ «շրջվենք դեմքով դեպի գյուղացին», այո՛, մի պահ շրջվե՛ք, ու կտեսնեք ինչ է կատարվում Նորաշենում, սա մի խայտառակ պատմություն է, որտեղ ոտնահարվում են մարդու եւ երկրի բոլոր օրենքները: [b]Հարգանքով՝ նորաշենցիներ 02/10/2019թ.[/b]

Նմանատիպ նյութեր