ԱԺ-ն ընդունեց համայնքի՝ ինքնակամ շինությունները գրանցելու վճարումները տարաժամկետելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համայնքային իշխանություններին հնարավորություն տալ ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարումները կատարել 2 տարում եռամսյակային պարբերականությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստում 101 կողմ ձայնով:
Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Դրանով, մասնավորապես, առաջարկվում է համայնքային իշխանությունների համար ինքնակամ կառույց հանդիսացող շինությունների, մասնավորապես, ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և դրա հետ կապված վճարները տարաժամկետել երկու տարով՝ եռամսյակային պարբերականությամբ:
Հնարավորություն կտրվի ամեն հերթական եռամսյակում վճարել 1/8-ի չափով: Տերտերյանը նշել էր, որ հատկապես խոշոր համայնքներում առկա են հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք մեր օրենսդրությամբ և իրավական կարգավորումներով համարվում են այն սուբյեկտների սեփականությունը, որոնց պատկանում է հողը: Փոխնախարարն այդ գործընթացը կանոնակարգելու համար կարևորել էր, որ համայնքային իշխանությունները կարողանան այդ գույքերը՝ որպես համայնքային սեփականություն, գրանցել ու հետո պատշաճ տիրապետել: