211652_close_icon
views-count1231 դիտում article-date 22:27 01-10-2019

Կայացել է Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի մամուլի ասուլիսը

Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվել են 2 համաձայնագրեր՝ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից միջև Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։ Համաձայնագրերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը։ Բանախոսները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել լրագրողների հարցերին: Իր հայտարարության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հարգելի վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարգելի նախագահ, Ավարտվեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այն իր բնույթով առանձնահատուկ, աննախադեպ միջոցառում էր: Նախևառաջ, մեր Միության նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվեց միջազգային ֆորում: Դա նորամուծություն էր մեր կազմակերպության համար, և մենք ուրախ ենք, որ նման միջոցառումները՝ արդեն ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ մեր պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներով այսուհետ անցկացվելու են մեր կազմակերպությունում նախագահող երկրի կողմից: Ինչպես հայտնի է, մեր ֆորումը նվիրված էր Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժին: Դրա ընթացքում քննարկվել են տրանսպորտային-լոգիստիկ ցանցի զարգացման և տարածաշրջանի թվային միջանցքների ակտուալ հարցեր: Երկրորդ, այսօրվա նիստում մենք հատուկ հյուրեր ունեինք. մենք ուրախ էինք ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար: Երրորդ, այսօրվա հանդիպումը նշանավորվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք առևտրատնտեսական համագործակցության նոր հորիզոններ են բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ տեխնոլոգիապես ամենազարգացած և առաջատար տնտեսություններից մեկի հետ, ինչպիսին Սինգապուրն է: Դա ևս մեկ ուղենիշ դարձավ մեր Միության ամրապնդման և նրա տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ այսօրվա նիստում ստորագրվել են Շրջանակային համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին և համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ներպետական ընթացակարգերը ժամանակին ավարտին հասցնելու համար, ինչը հնարավոր դարձրեց այսօր Երևանում համաձայնագրի ստորագրումը: Բացի այդ, Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է համաձայնագիր առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին: Իրանի նախագահի ներկայության առնչությամբ ցանկանում եմ նշել, որ նա հրավիրվել է այն կապակցությամբ, որ հոկտեմբերին՝ մի քանի օր անց, ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ ու ԵԱՏՄ-ի և մեր հարևանի՝ բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ: Կցանկանայի նաև անդրադառնալ այսօրվա հանդիպման օրակարգի մի քանի կետերի: Մենք քննարկեցինք օրակարգի կարևոր կետ` վերջնական որոշում կայացնելով ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ: Մենք հաստատեցինք Եվրասիական տնտեսական միության 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի 2020 թ. բյուջեն: Մենք քննարկեցինք Միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական և տնտեսական բլոկի նախարարությունների հետ համատեղ։ Դրա ստեղծումը կնպաստի ընկերությունների և քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների մակարդակի, որակի և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի արդյունավետության աճին: Հերթական անգամ մենք քննարկեցինք բնական գազի փոխադրման և մատակարարման ոլորտում մեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, որը կնպաստի էներգետիկ անվտանգության բարելավմանը, համաշխարհային շուկայում Միության անդամ երկրների տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացմանը: Հարգելի տիկնայք և պարոնայք, Եզրափակելով ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք որոշում ընդունեցինք՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստն անցկացնել ս.թ․ դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: Այժմ խոսքը փոխանցում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Սարգսյանին, ով ավելի մանրամասն կանդրադառնա օրակարգի հարցերին: Խնդրեմ, Տիգրան Սուրենի»։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհակալություն, Նիկոլ Վովայի: Հարգելի վարչապետեր, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ արդեն ներկայացրեց մեր օրակարգի ամենահրատապ հարցերը, որոնք մենք քննարկեցինք այսօր: Կարող եմ ավելացնել միայն, որ երեկ տեղի ունեցավ նաև Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստ՝ փոխվարչապետերի մասնակցությամբ, որոնք պատասխանատու են մեր Միությունում ինտեգրացիայի խթանման համար: Հիմնական և արդիական թեման, որը քննարկվել է փոխվարչապետերի մակարդակով, այսօր մեր տարածքում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու խնդիրն է: Մենք պայմանավորվեցինք, որ այս աշխատանքները կկատարենք համակարգված, և մեր խորհրդի բոլոր նիստերը կսկսվեն հենց այս խնդիրների քննարկմամբ, որոնք թույլ չեն տալիս ընդհանուր շուկաներին լիարժեք գործել: Այս հարցը կարևոր է, քանի որ բոլոր երկրները, քաղաքացիները և գործարար համայնքները հետևում են, որպեսզի մեր Միությունը լիարժեք գործի: Եվ այսօր Բարձրագույն խորհրդի մակարդակում ընդունված որոշումները ևս մեկ քայլ են այս ուղղությամբ: Մասնավորապես, մեզ հաջողվեց համաձայնեցնել Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, և այստեղ կարևոր է, որ այս հայեցակարգը մշակել են 5 երկրների Կենտրոնական բանկերը, որոնք կլինեն մեր պայմանավորվածությունների անմիջական իրականացնողները: Այս հայեցակարգի հիման վրա, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, կմշակվի հայեցակարգի իրականացման ճանապարհային քարտեզներ, որպեսզի 2025 թ. մեր Միության շուկաներում արդեն կյանքի կոչվեն բոլոր ֆինանսական ծառայությունների մասով ազատությունները: Շատ շնորհակալություն»: Այնուհետև ՀՀ վարչապետը խոսքը փոխանցել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին, ով իր խոսքում նշել է. «Հարգելի պարոն վարչապետ Փաշինյան, ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ պարոն Սարգսյան, անչափ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ինձ համար մեծ պատիվ էր՝ ելույթ ունենալ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Ես նաև ուշադրությամբ լսեցի մյուս առաջնորդներին և ոգևորվեցի տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հանձնառությամբ: Սինգապուրի հարաբերություններն այլ պետությունների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և այն մոտեցման վրա, որ փոխգործակցությունը հարստացնում է մեզ բոլորիս: Այսօր մենք ստորագրեցինք Ազատ առևտրի մասին համաձայնագիր, որը շատ կարևոր է մեր հարաբերությունների համար: Կցանկանայի շնորհավորել բանակցությունների բոլոր մասնակիցներին, որոնք դժվարին աշխատանք կատարեցին, որպեսզի ընդամենը 2 տարում բանակցություններն ավարտին հասցվեն: Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխորացնի մեր տնտեսական կապերը. Սինգապուրի և Միության երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակն այսօր կազմում է ընդամենը 6.5 մլն դոլար: Դա շատ փոքր ցուցանիշ է, և այսօր ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը շոշափելի առավելություն կտա՝ միմյանց ավելի խորությամբ ընկալելու, ավելի արդյունավետ փոխգործակցություն զարգացնելու համար: Բացի այդ, սրանով մենք ցույց ենք տալիս այսօր աշխարհում լայնորեն տարածված պրոտեկցիոնիզմի միտումներին հակադրվելու մեր վճռականությունը: Ես քիչ առաջ մի հանդիպման էի, որտեղ շատ մասնակիցներ, հատկապես փոքր պետությունների ներկայացուցիչները դժգոհում էին, որ պրոտեկցիոնիզմը խանգարում է ազատ առևտրին և գլոբալ տնտեսական միտումներին: Եվ ի դեմս Եվրասիական տնտեսական միության՝ Սինգապուրը գտել է համախոհների: Մենք կարծում ենք, որ ազատ առևտուրը կնպաստի մեր տնտեսությունների, մեր ստեղծարարության, մեր հաջողության աճին: Լիահույս եմ, որ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կհանգեցնի ավելի լայն համաձայնագրերի՝ ԵԱՏՄ-ի և ասիական տարածաշրջանի մյուս ժողովուրդների միջև: Ասիայում ավելի քան 200 մլն մարդ է բնակվում, այդպիսով մենք կկարողանանք լիարժեք իրացնել մեր ներուժը: Իսկ այս մամուլի ասուլիսից անմիջապես հետո մենք կստորագրենք 5 երկկողմ համաձայնագրերից առաջինը՝ Հայաստանի հետ: Ես շատ բարձր եմ գնահատում բանակցություններում Հայաստանի առաջընթացին միտված, կառուցողական մոտեցումը և վարչապետ Փաշինյանի դերակատարումը: Որպես Հայաստանի ղեկավար՝ նա այցելեց Սինգապուր, մենք խորը բանակցություններ ունեցանք, և այժմ մենք գտնվում ենք այստեղ: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ մենք ակնկալում ենք երկկողմ համաձայնագրերի ստորագրում նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ»: Հայաստանի Հանրային հ/ը, հարց Հայասստանի վարչապետին – Պարոն վարչապետ, ինչպե՞ս կգնահատեք նեղ կազմով նիստի արդյունավետությունը, արտերկրի գործընկերների հետ հանդիպումները, հատկապես Իրանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ անդամ պետությունների մեջ, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերի վերացումը ինչքանո՞վ կազդի Հայաստանի տնտեսության վրա, և որքանո՞վ կբարձրացնի Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ-ում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, այդ պայմանագիրը նոր հնարավորություններ է բացում և՛ Իրանի, և՛ Հայաստանի բիզնեսի համար: Ընդհանրապես մենք այդ հարցը դիտարկում ենք ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության և Իրանի հարաբերությունների համատեքստում: Իհարկե, թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄ-ն հսկայական շուկաներ են, և այստեղ շատ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն: Հուսով ենք, որ դրանից հետո մենք կկարողանանք առաջ մղել մեր բիզնեսին, որպեսզի նրանք կարողանան ավելի ակտիվ օգտագործել այդ հնարավորությունները: Մենք նաև հույս ունենք զարգացնել Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժը: Մենք այժմ շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, և ես վստահ եմ, որ այս ամենի արդյունքում Իրանի և ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերությունները կակտիվանան, և այդ համատեքստում կակտիվանան նաև Իրանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները: The Straight Times, հարց Սինգապուրի վարչապետին - Հարգելի նախագահ, վարչապետեր, հիմա, երբ ԵԱՏՄ-ն ու Սինգապուրն ստորագրեցին Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ե՞րբ եք ակնկալում համաձայնագիր ACEAN-ի հետ և բացի այդ, ի՞նչ կարող եք ասել ACEAN-ի հետ հնարավոր համաձայնագրի տնտեսական և ոչ տնտեսական առավելությունների մասին: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն – Մինչև տնտեսական համագործակցության համաձայնագրի մասին խոսելը պետք է դրա նպատակահարմարության և իրագործելիության ուսումնասիրություն կատարվի: ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի համաձայնագրի դեպքում մենք տնտեսական նպատակահարմարության ուսումնասիրություն սկսեցինք 2016 թ. մայիսին: Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, հանդիպեցի ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, այդ ուսումնասիրությունից հետո մենք սկսեցինք բանակցությունները և երկուսուկես տարի հետո ունեցանք Ազատ առևտրի մասին համաձայնագիր: Կարծում եմ՝ ACEAN-ի դեպքում նույնպես պետք է հասնել այդ մակարդակին: Դա պետք է քննարկվի ACEAN-ի անդամ պետությունների հետ, և հուսով եմ՝ նրանք կաջակցեն այդ գործընթացին: «Արմենիա» հ/ը, հարց Տիգրան Սարգսյանին- Սինգապուրի հետ համաձայնագրերն իր էությամբ ունիկալ են, քանի որ այնտեղ խոսվում է ոչ միայն ազատ առևտրի, այլև ներդրումների և ծառայությունների մասին: Այս ձևաչափը կիրառվելո՞ւ է այլ պետությունների հետ հետագա համաձայնագրերում: ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան - Լավ հարց է, քանի որ մենք նոր մոտեցում ենք մշակում. դրա էությունն այն է, որ մենք ընդլայնում ենք ԵԱՏՄ-ի լիազորությունները, որովհետև մենք մաքուր տնտեսական միություն ենք, և ներդրումների ու ծառայությունների հարցերն այսօր ազգային կառավարությունների իրավասության ներքո են: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեր գործընկերների, տվյալ դեպքում՝ Սինգապուրի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար նրանք պետք է համապատասխանեն ընդհանուր ստանդարտ մոտեցմանը, որպեսզի Սինգապուրն իրեն հարմարավետ զգա մեր ողջ տնտեսական տարածքում: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք այս փորձը տարածենք նաև մյուս երկրների վրա: Մասնավորապես, մենք այժմ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ վարելու հայտ ունենք Իսրայելից, և մեր իսրայելցի գործընկերները նույնպես առաջարկում են, որ դա լինի համալիր փաստաթուղթ, և խոսք գնա ոչ միայն սակագների, այսինքն՝ ապրանքների ազատ տեղաշարժի մասին, այլև պայմանագիրը ներառի նաև ներդրումների և ծառայությունների բաժին՝ այն բանաձևով, որը մենք այն հիմա իրականացնում ենք Սինգապուրի հետ: Այսինքն՝ մենք կարծում ենք, որ դա լավ օրինակ է, Սինգապուրն այդ առումով առաջին երկիրն է, և հուսով ենք՝ շարունակել այդ պրակտիկան: Մամուլի ասուլիսից հետո Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։ Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և Սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:

Նմանատիպ նյութեր