211652_close_icon
views-count1378 դիտում article-date 22:54 01-10-2019

«Սպորտը մնում է այն յուրահատուկ ոլորտներից մեկը, որտեղ խտրականությունը տեղ չունի».պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում

«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, ցանկանում եմ անդրադառնալ երկու կարեւոր հարցի, որոնք ընկած են Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի հիմքում: Առաջինը՝ փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների հարցն է: Հավանաբար արդեն լսել եք, որ թալիշ հայտնի ակտիվիստ Ֆահրադդին Աբոսզոդան, որը ձերբակալված է Ադրբեջանում իր ծավալած գործունեության պատճառով, մի քանի օր առաջ հայտարարել է հացադուլ՝ ի նշան իր դեմ իրականացվող բռնության եւ հոգեբանական ճնշման: Թալիշները Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից են եւ փոքրամասնություն են այդ երկրում, ուստի կարծում եմ՝ մենք չենք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ եւ պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ԵԽ անդամ երկրներում: Երկրորդ կարեւոր հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ վերաբերում է սպորտում ատելության կրկնվող դեպքերին: Անցած անգամ մենք փորձեցինք ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում դրսեւորվող ակնհայտ խտրական վերաբերմունքին՝ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի եւ նրա երկրպագուների հանդեպ: Դա սպորտում ատելության ակնհայտ դրսեւորում էր: Ցավոք, ԵԽ քարտուղարությունը բավարարվեց միայն գրավոր հայտարարությամբ: Արդյունքում՝ սպորտում ատելության դեպքը կրկնվեց: Հայտնի ՀՀ շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գեւորգյանը չկարողացավ մասնակցել Թուրքիայում անցկացվող մրցումներին՝ ադրբեջանական պատվիրակության պահանջի պատճառով: Ես ավելի քան վստահ եմ, որ թեեւ ԵԽ անդամ երկրների միջեւ առկա հակամարտություններին, տարաձայնություններին եւ բանավեճերին, այդուհանդերձ, սպորտն այն յուրահատուկ ոլորտներից մեկն է, որտեղ խտրականությունը տեղ չունի եւ նմանատիպ դեպքերը պետք է բարձրաձայնվեն ու կանխվեն անմիջապես: Եկե՛ք աչք չփակենք եւ ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր՝ սպորտում ատելության դեպքերը կանխելու համար»:

Նմանատիպ նյութեր