211652_close_icon
views-count1196 դիտում article-date 12:42 01-10-2019

Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակի օրն է. ականավոր շանսոնյեին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ամբողջ աշխարհում

Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի մեկին, աշխարհը կորցրեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրին (իսկական անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին: [url=https://armenpress.am/arm/news/990018.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` այս տարի հոկտեմբեր ամսին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։ Շառլ և Նիկոլա Ազնավուրների կողմից ստեղծված «Ազնավուր» հիմնադրամը, որի հիմնական նպատակներից է Շառլ Ազնավուրի՝ դեռ 1988 թվականին սկսած հումանիտար գործունեության շարունակությունը, իսկ այժմ նաև նրա մշակութային ժառանգության պահպանումը, նոր նախագծերի ու ծրագրերի իրականացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, ակտիվորեն ներգրավված է բոլոր միջոցառումներում։ Հոկտեմբերի 1-ին «Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանում հանդիսավոր կերպով քաղաքին կնվիրի Ազնավուրի կիսանդրին, որը շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը։ Կիսանդրին հայ հայտնի քանդակագործ Ալիս Մելիքյանի աշխատանքի պատճենն է։ Աշխատանքի բնօրինակը պատրաստվել է 1960-ականներին, երբ Ազնավուրն իր առաջին այցով ժամանել էր Հայաստան։ Հոկտեմբերի 2-ին կինոթատրոններում կհայտնվի «Շառլի հայացքով» ֆիլմը։ Կյանքի ողջ ընթացքում՝ բոլոր ուղևորությունների և նշանակալի հանդիպումների ժամանակ, Ազնավուրին կարելի էր նկատել տեսախցիկը ձեռքին. նրա կողմից նկարահանված հենց այդ կադրերից էլ հավաքվել է ֆիլմը։ Ֆիլմի պատումային հատվածի համար օգտագործվել են հատվածներ Ազնավուրի հեղինակած գրքերից ու նամակներից, այդ իսկ պատճառով ֆիլմն ամբողջությամբ ներկայացնում է կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։ Ֆիլմի առաջխաղացմանն աջակցում է «Ազնավուր» հիմնադրամը, պրոդյուսերն է Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը, ռեժիսորը՝ Մարկ դի Դոմինիկոն։ «Ազնավուր» հիմնադրամը շատ շուտով կհայտարարի իր նոր՝ «Սիրո մի կյանք» նախագծի մասին, որի նպատակն է Ազնավուրի արվեստը տանել աշխարհի տարբեր քաղաքներ, ինչպես դա անում էր հենց Շառլ Ազնավուրն իր շրջագայությունների ընթացքում։ Նախագիծն այս պահին դեռ ֆոնդահայթայթման փուլում է, և այն ավարտելուն պես կսկսվի իրագործման փուլը։ Շանսոնյեի մահը սգում էին ոչ միայն Հայաստանն ու Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը: Նրա մահվանից հետո Ազնավուրի հիշատակին նվիրված մոմավառություններ կազմակերպվեցին բազմաթիվ երկրներում, նրա մասին խոսուն ելույթներով հանդես եկան պետական, քաղաքական, մշակույթի գործիչները, հոգևոր այրերը, նրա արվեստի երկրպագուներն ու մարդիկ, որոնք երբևէ հնարավորություն էին ունեցել առնչվել Ազնավուրի հետ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի մասին մի քանի անգամ գրառում էր արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- նշել էր Ֆրանսիայի նախագահը: Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/990018.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր