211652_close_icon
views-count1098 դիտում article-date 10:32 01-10-2019

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջընթացին, նորարարական ոլորտի զարգացմանը և մշակութային վերելքին: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»: * * * Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանն իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության և հասարակության կառուցման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների և մշակութային զարգացման ոլորտներում: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության և համագործակցության օրակարգը»:

Նմանատիպ նյութեր