211652_close_icon
views-count6763 դիտում article-date 10:43 30-09-2019

Գերմանական խոշոր ներդրումային ընկերությունը 150 հեկտար նռան և ընկուզենու այգիներ կտնկի Արցախում. Արայիկ Հարությունյան

Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Մյունխեն և Ժնև քաղաքներում, որտեղ հանդիպել եմ Արցախի հիդրոէներգետիկ ոլորտում ակտիվ ներդրումներ իրականացնող եվրոպական հայտնի ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ ավելացնելով, որ չնայած այդ ընկերությունների ղեկավարները դեմ չէին իրենց անունները հրապարակելուն, բայց, հաշվի առնելով մեր հարևանի ագրեսիվ տրամադրվածությունը, զերծ կմնամ նրանց համար ավելորդ խնդիրներ ստեղծելուց: «Քննարկման հիմնական առանցքը եղել է այդ ընկերություններին Արցախի գյուղատնտեսության ոլորտում ներգրավելը: Ուրախ եմ տեղեկացնել, որ գերմանական ընկերության հետ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ տնկելու շուրջ: Աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և այն մաս կկազմի Արցախում ավելի քան 10 հազար հեկտար նոր այգիների հիմնման մեծ ծրագրին»,- նշել է Ա. Հարությունյանը: Արցախի նախկին վարչապետի գրառման համաձայն՝ այցի ընթացքում գերմանացի գործընկերների ուղեկցությամբ մասնակցել է նաև Մյունխեն քաղաքում կազմակերպված ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնին: «Կարծում եմ՝ Արցախում անցկացվող փառատոններին նոր շունչ հաղորդելու համար ուսանելի շատ բան ունենք: Ընդհանրացնելով այցիս արդյունքները՝ կարող եմ հայտարարել, որ եվրոպական ավելի մեծ ներդրումների ներգրավումն Արցախում այլևս իրողություն է, և համոզված եմ, որ տարեցտարի այն կամրապնդվի նոր նախագծերի իրականացմամբ»,- եզրափակել է Հարությունյանը: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր