211652_close_icon
views-count1188 դիտում article-date 13:45 27-09-2019

Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ Նախարար Մնացականյանը իր երախտագիտությունն է հայտնել բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար: Նախարար Մնացականյանը և բարձր ներկայացուցիչ Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը արժևորել են ՀԸԳՀ-ն՝ որպես ընդհանուր կարևոր ձեռքբերում և գնահատել են վերջինիս դերը՝ որպես ԵՄ կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևոր գործիք: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար ԱլԳ ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ Բարձր հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր