211652_close_icon
views-count1121 դիտում article-date 13:32 27-09-2019

Ժակ Շիրակին հողին կհանձնեն Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հողին կհանձնվի Փարիզի Մոնպառնասի գերեզմանատանը: Այդ մասին տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախկին նախագահի դստեր խոսքերը: Ավելի վաղ Ելիսեյան պալատը հավաստել է, որ Ժակ Շիրակին համազգային հրաժեշտի արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքի 7-րդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջև կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին: Տեղն ու ժամանակն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք հանգուցյալ նախկին նախագահի մարմինն ամփոփող դագաղը կդրվի համընդհանուր դիտման: Այժմ իշխանությունները մշակում են միջոցառման մանրամասները, ավելի ստույգ տեղեկատվությունն սպասվում է օրվա ընթացքում: Ինչպես նախօրյակին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սեպտեմբերի 30-ին ամբողջ երկրում հայտարարվելու է սգո օր, իսկ 6-րդ օկրուգի Սեն Սյուլպիս եկեղեցում տեղի կունենա հրաժեշտի ծիսակատարությունը, որին ներկա կլինեն ներկայիս նախագահը, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներ: Ժակ Շիրակը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում խոշոր բանկիրի ընտանիքում: Կրթություն է ստացել Փարիզի պոլիտեխնիկական գիտությունների ինստիտուտում: Նա Ֆրանսիան գլխավորել է 12 տարի՝ 1995-ից մինչև 2007 թվականը: 2005 թվականին քաղաքական գործչի մոտ ախտորոշվել էր սիրտ-անոթային համակարգի հիվանդություն: 2016 թվականին նրա առողջությունը կտրուկ վատացել էր ավագ դստեր մահվանից հետո: Վերջին երեք տարվա ընթացքում նա չէր մասնակցում պաշտոնական արարողություններին, հազվադեպ էր այցելուներ ընդունում։

Նմանատիպ նյութեր