211652_close_icon
views-count1425 դիտում article-date 10:57 27-09-2019

ՀՀ ԱԳ նախարարի խոսքը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը

Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի արտաքին գործերի նախարարների «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» խորագիրը կրող հանդիպմանը։ Հանդիպումը, որին մասնակցում էին նաև ֆորումի հիմնադիր երկրներ Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Պերուի ԱԳ նախարարները, նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին: «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ին, ի թիվս այլոց, ելույթով հանդես եկավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ելույթը ստորև՝ «Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ, Իրապես շնորհակալություն այս հիանալի հնարավորության համար՝ կրկին հավաքվելու Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչը նաև կարևոր խթան է՝ շարունակելու զարգացնել և «միս ու արյուն» հաղորդել այս ֆորումին: Ես մեծապես աջակցում եմ այն մոտեցմանը, որ պետք է ձեռնարկենք առավել գործնական քայլեր, ամրապնդենք մեր հավաքական գործունեությունը` որպես հնագույն քաղաքակրթությունների ֆորում։ Մեր անդամակցությունն այս ֆորումին բնական ընտրություն է՝ պայմանավորված մեր ազգի պատմությանբ, քաղաքակրթական արժեքներով, որոնք մենք կուտակել ենք անցյալից ներկա կատարած մեր ճանապարհին և որոնցով անխուսափելիորեն հարստացնում ենք համաշխարհային պատմությունը: Հարուստ պատմական ու մշակութային ժառանգությունն այս տիրույթին մեր պատկանելիության վկայությունն է: Այս հարթակը նոր խթան է հանդիսանում մեր պատմական և մշակութային ժառանգության խթանման, բազմազանության նկատմամբ հարգանքի, մշակույթների և ժողովուրդների միջև հանդուրժողականության համար, արժեքների, որոնք ընկած են մեր քաղաքակրթությունների և հետևաբար այս ֆորումի հիմքում: Սա հիանալի հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հպարտ լինել իր քաղաքակրթությամբ՝ առանց այլոց զգացմունքերը վիրավորելու: Մյուս կողմից, ֆորումը նոր հարթակ է, որը շատ ակտիվորեն գործում է: Մենք արդեն երկու նախարարական հանդիպում և երկու ակադեմիական ֆորում ենք անցկացրել, որն, ըստ էության, բավական գործնական հարթակ է՝ գաղափարները զարգացնելու և ֆորումի տեսլականը, գործառույթները և արդյունավետությունն ընդլայնելու ու հարստացնելու համար: 2017թ. Աթենքի և 2018թ. Տիվանակուի հռչակագրերը սահմանեցին մեր՝ մասնակից պետություններիս միջև համագործակցության շրջանակներն այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքը և կանխարգելումը, դեպի ծագման երկիր դրանց վերադարձին նպաստելը: Մենք պետք է համակարգված աշխատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ համապատասխան կառույցների հետ մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրների շուրջ: Կարծում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր մշտական պատվիրակությունների միջև պարբերական խորհրդատվությունները կարող են ծառայել այս նպատակին: Այսօր հրատապ խնդիր է արդյունավետ դարձնելու միջազգային հանրության ջանքերը մշակութային ժառանգության պաշտպանության համար. մշակութային սեփականանությանը հասցված ցանկացած վնաս՝ անկախ նրանից, թե որ ժողովրդին է դա պատկանում, վնաս է ամբողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանի որ բոլոր ժողովուրդները ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի մեջ: Հայաստանը, որպես բազմադարյա հարուստ մշակույթի կրող, իրեն պարտավորված է զգում իմ ներդրումն ունենալ այս համամարդկային ջանքերում: Կարծում եմ՝ նշված համատեքստում այս ֆորումը կարող է շատ արդյունավետ դեր խաղալ համաշխարհային մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործում: Մեր համատեղ պատասխանատվությունն է՝ հաստատել արդյունավետ ձևաչափ մեր քաղաքակրթությունների առաջմղման, մեր պատմական մշակույթի, նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման և պաշտպանության համար՝ դառնալով իրական երկխոսության հարթակ: Այդ նպատակին հասնելու գործում կարևոր դեր ունի խաղալու այստեղ ձևավորված Ակադեմիական ֆորումը: 2019 թվականի մարտին մենք ակադեմիական փորձագետներ ենք ուղարկել Լա Պաս, Բոլիվիա, որոնք վերադարձան շատ ոգևորված ու այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու հաստատակամությամբ: Ես փորձագիտական շրջանակների միջև համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ եմ տեսնում, իսկ այս ֆորումը կարող է նպաստել մեր ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համագործակցությանը և հատուկ ոլորտների զարգացմանը: Այսպիսով, մենք աջակցում ենք ակադեմիական ֆորումի պահպանմանը՝ որպես այս հաստատության կարևոր հարթակ: Հավատացած ենք, որ այս հարթակը պետք է լրացնի այն բացը, որը չի լրացվել այլոց կողմից: Մենք նաև կիսում ենք այն տեսակետը, որ այս հարթակը բաց պետք է լինի նոր անդամ պետությունների համար: Այն միայն կհարստացնի և կամրապնդի այս ֆորումը: Միաժամանակ, կարծում ենք, որ պետք է մշակվեն և ընդունվեն հստակ չափանիշներ: Մենք պատրաստ ենք կառուցողական կերպով ներգրավվելու նման չափանիշների և ֆորումի արդյունավետ ու վստահելի աշխատանքի համար ընթացակարգերի մշակմանը: Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, որ անդամակցություն հայցող պետության քաղաքակրթությունն ունենա ապացուցված շարունակական պատմություն, որ այն հարգի ոչ միայն իր, այլև հարևան երկրների պատմությունը՝ ներառյալ ակադեմիական հետազոտության հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Կոնսենսուսի հիման վրա աշխատելը մեր այս ֆորումի աշխատանքի առանցքային մեթոդն է: Բովանդակային առումով, մենք խորապես համոզված ենք, որ պետք է ներգրավենք ժամանակակից տեխնոլոգիաները և նորարարությունը՝ որպես կարևոր և արդյունավետ գործիք, մեր հին քաղաքակրթությունների ու մշակույթների խթանման համար։ Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ մենք մեծապես ողջունում ենք այս հանդիպման արդյունքում ընդունված համատեղ փաստաթուղթը և անհամբեր սպասում առաջիկա նախարարական ֆորումին, որը մեծահոգաբար կհյուրընկալվի Չինաստանի կողմից՝ Պեկինում: Շնորհակալություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր