211652_close_icon
views-count824 դիտում article-date 10:05 27-09-2019

Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվելիք ՀՀ երրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին և վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ՝ ապահովելու համար երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրեց զեկույցի նախապատրաստման հետ կապված երկրներին ներկայացվող պահանջները: Մասնակիցները քննարկեցին զեկույցի նախագիծն ըստ ներկայացված ոլորտների, այդ թվում, անդրադարձան Հայաստանում իրականացվող օրենսդրական և դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, կայուն զարգացմանն ու մի շարք այլ խնդիրների: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնչեցրին ուշադրության արժանի մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրին իրենց առաջարկները զեկույցի նախագծում ընդգրկելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկները կներկայացվեն նաև գրավոր: [i]Տեղեկանք: 2020 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կներկայացնի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) իր երրորդ շրջանի ազգային զեկույցը: ՀՊԴ ընթացակարգը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երկրի համար ներկայացնելու իր կողմից ձեռնարկած այն քայլերը, որոնք ուղղված են տվյալ երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ու այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը: Բացի ազգային զեկույցից ՀՊԴ ընթացակարգի շրջանակներում ներկայացվում են ևս երկու զեկույցներ, որոնք հիմնված են հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտում աշխատող միջազգային մոնիթորինգային մարմինների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից երկրին ներկայացված առաջարկների վրա:[/i]

Նմանատիպ նյութեր