211652_close_icon
views-count1858 դիտում article-date 19:13 26-09-2019

ԱՀ Ազգային ժողովում մեկնարկել են տասներորդ նստաշրջանի աշխատանքները

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին նիստը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բացելով նիստը, անդրադարձել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԱԺ աշխատանքներին և օտարերկրյա պատվիրակությունների այցերին: Խոսելով նոր՝ 10-րդ նստաշրջանի օրենսդրական աշխատանքների մասին, խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ձգտելու են ավարտին հասցնել ԱՀ օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացը: Նիստի և նստաշրջանի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է օրենսդրական աշխատանքին: «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը կից օրինագծերի փաթեթով ԱԺ քննարկմանն է ներկայացրել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարը նշել է, որ օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական կառուցակարգեր կստեղծվեն ԱՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված՝ հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար: Օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Արդարադատության նախարարը այնուհետև ներկայացրել է ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերով, պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանացնել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով սահմանված անվանումներին: Գլխադասային՝ պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանն ընդունել է օրենքը: ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Նախագծով առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն ունեցողների աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հավելումը սահմանել հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, երկրորդ խմբինը՝ 20 տոկոսի չափով: «Օրենքը ընդունվելու դեպքում հավելումները կվերաբերվեն 255 թոշակառուի, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն»,- նշել է նախարարը: ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը: Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Ռամելա Դադայանը, Ռիտա Մնացականյանը և Հայկ Խանումյանը: Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատգամավորները նախարարներին են առաջադրել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, գյուղերի զարգացման ծրագրերին, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, բնակարանաշինությանը, էկոլոգիական անվտանգությանը և այլ խնդիրների վերաբերող հարցեր: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր