211652_close_icon
views-count1503 դիտում article-date 15:21 26-09-2019

Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց «Գլորիա» և «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներին

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի՝ ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կազմակերպությունը գործում է հագուստի արտադրության ոլորտում, Վանաձորում գործում է 2018 թվականից: «Այս ծրագրի իրականացման համար կատարում է 3 մլրդ դրամի նոր ներդրումներ՝ մասնաճյուղի նորոգման և սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներկայումս կազմակերպությունում աշխատում են 1100 աշխատակից, նախատեսվում է՝ ներդրումային բաղադրիչը ավարտելուց հետո աշխատակիցների թիվն ավելացնել 250-ով: Արտադրանքի ընդհանուր ծավալը ծրագրի իրականացման արդյունքում կկազմի 10 մլրդ դրամ: Այս հայտի շրջանակներում արտոնության ներկայացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 8 մլրդ 300 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 752 մլն 800 հազար դրամ, որից ՀՀ բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 9.2 մլն դրամ»,- ասաց նա: Նախարարը հավելեց, որ 2018 թվականի ընթացքում կազմակերպության վճարած հարկերը կազմել են 441 մլն դրամ: Կառավարության մեկ այլ որոշումամբ արտոնություն տրամադրվեց «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին: Նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը ներմուծված ապրանքներն օգտագործելու է սանտեխնիկայի արտադրության համար, արտադրությունն իրականցվում է Արմավիրի մարզում 2015 թվականից: «Նախատեսվում է ծրագրի շրջանակներում արտադրել շուրջ 23,5 մլրդ դրամի արտադրանք: Ներկայում կազմակերպությունում աշխատում են 31 աշխատակիցներ, ներդրումային բաղադրիչի իրականացման արդյունքում աշխատակիցները կավելանան 130-ով, 265 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտոնության համար ներկայացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 14 մլրդ 500 մլն դրամ, մաքսատուրքից ազատման գումարը՝ մոտ 1.1 մլրդ դրամ, որից պետբյուջեի նվազումը՝ 14 մլն դրամ: 2018 թվականին կազմակերպությունը պետբյուջե է վճարել 40 մլն 600 հազար դրամ հարկեր»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր