211652_close_icon
views-count3474 դիտում article-date 23:35 25-09-2019

Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված տեսահոլովակ

Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը, ով արտերկրում հայտնի է որպես «ոսկե ձայն», ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր տեսահոլովակ: «Չինար ես» երգի հիման վրա ստեղծված հոլովակը սեպտեմբերի 26-ից հասանելի է բոլոր սոցիալական ցանցերում: Սա երգչի արդեն երրորդ հոլովակն է, որի հիմքում Կոմիտաս վարդապետի երաժշտությունն է: Առաջին հոլովակը «Գարունն» էր, երկրորդը՝ «Կռունկը»: «Այս անգամ ցանկացա ողբերգական երգով չներկայացնել մեր մեծն Կոմիտասին, այլ նրա 150-ամյակին ընտրել այնպիսի քնարական գործ, ինչպիսին «Չինար ես»-ն է: Ցանկանում էի վերստեղծել այն դարաշրջանը, որում ապրել է Կոմիտասը, և այն պահը, որ նա, հավանաբար առաջին անգամ լսել է այս ստեղծագործությունը: Եվ շատ ուրախ եմ, որ որդիս կարողացավ հաջողությամբ կերտել գլխավոր հերոսի դերը»,-հոլովակի մասին նշում է Ռուբեն Էլբակյանը: Ռուբեն Ելբակյանը LUXURY հեղինակավոր ամսագրի տվյալներով ներառված է աշխարհի 57 ամենահայտնի հայերի ցանկում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի, Միշել Լեգրանի, Շերի, Քըրք Քըրքորյանի և այլոց հետ: 2012 թվականին արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչման: Հայ կատարողներից առաջինն է, ով երկու անգամ (2002, 2004) մենահամերգով ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի պալատում՝ Ֆրանսիայի Սենատի հրավերով: Միակ հայ արտիստն է, ում երեք անգամ վստահել են Ֆրանսիայի հիմներգի՝ Մարսելյեզի կատարումը Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Ձայնագրել է երեք սկավառակ՝ «Կոմիտաս» ( արժանացել է «Coup de Coeur» մրցանակի), «Recital» և «Նեապոլիտանական երգեր» ալբոմները: Նոյեմբերի 29-ին Ռուբեն Էլբակյանը Ave Maria մեծ մենահամերգով հանդես կգա Փարիզի Մադլեն եկեղեցում, որով կազդարարվի երգչի եվրոպական մեծ շրջագայությունը: Տենորը պատրաստվում է մենահամերգով հանդես գալ նաև Հայաստանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր