211652_close_icon
views-count6359 դիտում article-date 23:23 25-09-2019

Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները.Վիգեն Սարգսյան

Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճրակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն: Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը կոպտորեն խախտում է առնվազն բարոյականության և բարեվարքության բոլոր կանոնները: Քննչական մարմիններն, առանց վկայի կարգավիճակով դիրքորոշումս հայտնելու հնարավորություն տալու, ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Դա չափից ավելի կանխատեսելի էր և ակնկալելի: Ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին: Իմ գտնվելու վայրի մասին հանրայնորեն բազմիցս իրազեկել եմ, գործում են իմ էլեկտրոնային փոստը, պաշտոնական էջը և բջջային հեռախոսահամարը, որոնք, կարծում եմ, հայտնի են նաև «նոր» Հայաստանի իրավապահ մարմիններին: Քանի որ ինքս այս օրերին ուսումնառության նպատակով գտնվում եմ ԱՄՆ-ում և ծրագրի ընդհատումն այս փուլում կհանգեցնի այն ավարտին հասցնելու հնարավորությունը կորցնելուն, լիազորել եմ փաստաբանիս կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում ինձ ներկայացնելու նպատակով: Շնորհակալ եմ ընկերներիս և հարազատներիս անհանգստության համար: Գործընթացի և' ձևը, և' բովանդակությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Ես վրդովված եմ, բայց նաև հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով: Ամբողջ ընթացքը և վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը` իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը: Հ. Գ. Զինծառայողների, ինչպես նաև զինհաշմանդամների և զոհվածների ընտանիքների բնակարանավորման խնդիրները մշտապես եղել են իմ գլխավորած գերատեսչության ուշադրության կենտրոնում, և մենք այդ ուղղությամբ իրականացրել ենք հանրությանը հայտնի քայլեր: Մի քանի ամսվա ընթացքում լուծվել է տարիներով հերթագրված 1-ին խմբի զինհաշմանդամների և զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը, ինչպես նաև ներդրվել է զինծառայողների գերմատչելի վարկավորման ծրագիր: Պատիվ ունեմ:

Նմանատիպ նյութեր