2474 դիտում
16:37 25-09-2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում 3.314 միլիոն դրամի խախտում է արձանագրվել․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում և վերջինիս կողմից հիմնադրված ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այս մասին [url=https://www.supervision.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%b4%d5%a1/?fbclid=IwAR3zfOxnJ5X6LKP_2XnpSu0BJ2WQpe_InJLPEGVr54X3QRdkdbcAW9hfCCo]հայտնում է [/url]ՊՎԾ-ն։
Հիմնադրամը ստեղծվել է 2013 թ․՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 2014 թ․ ապրիլին մեկ այլ որոշմամբ վերջինս հավանություն է տվել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին»։ Ծրագրի հիմնական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը հանդիսացել է ծրագիրը համակարգող մարմին: Նշենք, որ հիմնադրամի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է։
Հիմնադրամի կողմից ստեղծվել է երկու ՓԲԸ-ներ, որոնց գործունեության հիմնական նպատակը եղել է ձկան վերամշակումը և կենդանի ձկան արտադրությունը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՓԲԸ-ների միակ բաժնետերը հանդիսացել է հիմնադրամը՝ առևտրային գործունեության արդյունքում գոյացած շահույթը նույնպես պետք է ծառայեր բնապահպանական խնդիրների լուծմանը։
2013-2018թթ․ ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 9 միլիարդ դրամ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ծրագրով նախատեսված հիմնական նպատակների կատարողականի գնահատման արդյունքում կատարված եզրահանգումը եղել է այն, որ ծրագրով սահմանված նպատակները էականորեն թերակատարված են։
Ուսումնասիրությունն իրականացվել է գնումների գործընթացների, աշխատավարձերի հաշվարկման, գործունեության արդյունավետության, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրային ցուցանիշների կատարողականի նկատմամբ՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում։
Գումարային արտահայտությամբ խախտումների ծավալը կազմում է 3․314 միլիոն դրամ։
Ստորև ներկայացված են արձանագրված խախտումները՝
1. Ոչ մրցակցային կամ «ձևական» գնման արդյունքում կապալառու և ենթակապալառու ընկերությունները տարաբնույթ խախտումներով կատարված աշխատանքների արդյունքում պայմանագրով նախատեսված 8% շահույթի փոխարեն փաստացի ստացել են 86% շահույթ՝ կամ 777 միլիոն դրամով ավելի։ Կապալառու ընկերության ձեռքբերումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա են 409 միլիոն դրամի անապրանք փաստաթղթերի ձեռքբերման վերաբերյալ հիմնավոր կասկածներ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 163 միլիոն դրամ հարկ։
2. Վերահսկվող օբյեկտի կողմից կատարվել է 1,251.0 մլն դրամի անարդյունավետ ծախս։ Այսինքն՝ վերոգրյալ ծախսերի արդյունքում գոյացած ակտիվները 2-ից 4 տարվա ընթացքում երբևէ չեն օգտագործվել և որևէ նպատակի չեն ծառայել։
3. Առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ վերահսկվող օբյեկտի կողմից իրականացվել է 273 միլիոն դրամ վճարում X ընկերությանը, որի դիմաց ապրանքը փաստացի չի ստացվել, սակայն փաստաթղթերով ձևակերպվել է որպես ստացված։
4. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց ենթադրյալ անգործության հետևանքով Սևանա լճի կանխատեսելի սառցակալման և սառույցի հալման հետևանքով ցանցավանդակները պատռվել են և տեղի է ունեցել 520 միլիոն դրամի կենսաբանական ակտիվների (ձկներ) և գույքի կորուստ։
5. Վերահսկվող օբյեկտի հաշվապահական հաշվառման ծառայությունը մատուցվել է երբևէ նման ծառայություն չմատուցած Y ընկերության կողմից։ Վերահսկվող օբյեկտի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել մրցակցային պայմաններում առավել մատչելի ծառայություն մատուցող ընկերության հետ պայմանագիր կնքելու նպատակով, որի արդյունքում Y ընկերությունը 128 միլիոն դրամի ծառայություն մատուցելու արդյունքում ձևավորել է 71 միլիոն դրամ շահույթ։ Բացի այդ, վերահսկվող օբյեկտում աշխատել են ֆինանսիստներ և հաշվետարներ, որոնց հաշվարկվել է 46 միլիոն դրամ աշխատավարձ։
6. Ուկրաինական Z ընկերությանը իրականացվել է 234 միլիոն դրամի վճարում, սակայն Z ընկերությունը մինչ օրս չի մատակարարել պայմանագրով նախատեսված աշխատանքային կատամարանը և չի էլ նախատեսվում, որ երբևէ կմատակարարի։ Z ընկերության հետ կապված խնդիրների պատճառը վերահսկվող օբյեկտի գործողություններն են։ Մասնավորապես՝ ապրանքի մատակարարման պայմանագրի փոխարեն (ինչպես նախատեսված էր գնումների պլանով և գնման հրավերով) կապալի պայմանագիր կնքելը, այնուհետև առանց ապրանքը ստանալու՝ վճարումներ իրականացնելը։ Բացի այդ, Z ընկերությանը կատարվել է 55 միլիոն դրամի վճարում, որը չպետք է իրականացվեր։
7. Աշխատավարձի մասով հայտանաբերվել է 87 միլիոն դրամի տարատեսակ խախտումներ։
8. Ք. Երևանի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկում վարձակալված 171քմ տարածքում վերահսկվող օբյեկտի կողմից հիմնադրվել է «Պեպո» խանութ-խորտկարանը։ Վերջինիս հիմնադրման և գործունեության նպատակով ծախսվել է 129 միլիոն դրամ, սակայն եկամուտը կազմել է 32 միլիոն դրամ։ Վերահսկվող օբյեկտի կողմից ճաշացանկերի և նյութածախսի նորմատիվներ չեն սահմանվել և երբևէ միջոցներ չեն ձեռնարկվել նման վնասներով (97 միլիոն դրամ) գործունեության պատճառները բացահայտելու ուղղությամբ։
9. A ընկերությանը վճարվել է 20 միլիոն դրամ, որպեսզի վերջինս հրաժարվի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված վարձակալական պայմանագրից, որի ժամկետի ավարտին մնացել էր 2 տարի, իսկ 2 տարվա վարձավճարը պետք է կազմեր 640․000 դրամ։
Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։
Ուսումնասիրության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել վերահսկվող օբյեկտի գործարքի կողմ հանդիսացող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուցափելու վերաբերյալ նյութեր, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պահանջով մասնագիտացված գիտական կազմակերպության կողմից ստացվել է կարծիք Սևանա լճում էնդեմիկ «գեղարքունի» և «ամառային» ենթատեսակի իշխան ձկան պաշարների վերականգնմանը և բնական վերարտադրությանը խոչընդոտող պատճառների վերաբերյալ։
Կարծիքում ներկայացված պատճառների վերացման ուղղությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ներկայացվել են առաջարկություններ։
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
12:38 03-04-2014
Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ
999 դիտում
11:35 30-03-2020
ՊՎԾ-ն «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում խախտումներ է արձանագրել
Այս բաժնից
361 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
382 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին