211652_close_icon
views-count2271 դիտում article-date 12:53 25-09-2019

«Օսկար»-ի «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր» ֆիլմը

Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր» ֆիլմը, գրում է [url=https://www.hollywoodreporter.com/news/2020-oscars-armenia-selects-lengthy-night-international-feature-film-category-1242981]The Hollywood Reporter[/url]-ը: Ֆիլմը նկարահանվել է «Շարմ Հոլդինգ»-ի կողմից: Այն պատմական դրամա է (ֆիլմը նաև հայտնի է «Էրկեն կիշեր» անվանմամբ), որը ներկայացնում է երեք պատմություն, որոնց իրար է կապում խորհրդանշական քարը: Սկսելով 21-րդ դարում ապրող երիտասարդ զույգի լարված հարաբերությունների պատմությունից` ֆիլմն անցում է կատարում մեկ այլ՝ 20-րդ դարաշրջան` Հայոց ցեղասպանության օրեր, այնուհետև ևս մեկ անցում կատարելով դեպի ետ` վաղ անցյալ` 11-րդ դար. այս երեք առանձին, սակայն միևնույն ժամանակ միմյանց լրացնող պատմությունները մարդկային պայքարի մի ամբողջական պատկեր են ստեղծում: Մասնավորապես, ֆիլմը սկսվում է ժամանակակից երտասարդ զույգի հարաբերությունների պատմությունից. երևանյան գիշերներում ավտոմեքենայով աննպատակ մի զույգ է շրջում: Երիտասարդ ամուսինը, ուշադրություն չդարձնելով ավտոմեքենայում նստած կնոջը, ճանապարհից մի մարմնավաճառ է վարձում. կնոջ հիասթափությունը սահման չունի: Հիասթափություններով լի այս տեսարանից «Երկար գիշերն» անցում է կատարում դեպի 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրեր, որոնց մասին հիշողություններն էլ ասես պահպանում են հային` որպես ազգ: Գլխավոր դերում հանդես են գալիս Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը: Ֆիլմն այս տարի անցկացված «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» և 5 այլ անվանակարգերում: «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին:

Նմանատիպ նյութեր