211652_close_icon
views-count1733 դիտում article-date 14:56 24-09-2019

Չինական շուկայում հայկական ապրանքների համար պետք է ներկայացվեն որակական և գնային առավելություններ

Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի ժամանակ արձանագրվել է երկկողմ առևտրի ծավալների շարունակական աճ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ, միջազգային առևտրային բանակցություններին Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Յույ Ցզյանխուան: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/989177.html]«Արմենպրեսը»[/url]։ «Չինական սպառողական շուկան 1 մլրդ-ից ավելին է և հայկական ապրանքների համար պետք է ներկայացվեն որակական և գնային առավելություններ: Մեր հանձնաժողովի աշխատանքներից է՝ վերացնել տեխնիկական խոչընդոտները, ինչից հետո հնարավոր կլինի ազատ ռեժիմով կամ ավելի հեշտացված ճանապարհով ապրանքը ներմուծել չինական շուկա: Լավագույն օրինակներից է մեղրը, ինչի արտահանման վերաբերյալ 2019 թվականի մայիսի 17-ին ստորագրվել է առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում հայկական մեղրն ավելի հեշտ պայմաններով կարող է մտնել չինական մեծ շուկա»,- նշեց Վարոս Սիմոնյանը և հավելեց, որ հաջորդը կարող են լինել այն ապրանքատեսակները, որոնք մեծ պահանջարկ ունեն Չինաստանում: Նրա խոսքով՝ հանձնաժողովը դեռ կուսումնասիրի այդ ապրանքատեսակները, և երկկողմ դաշտում կտարվեն համապատասխան աշխատանքներ: Սիմոնյանը նաև ընդգծեց, որ արդեն իսկ կան որոշ հաջողություններ հայկական գինու դեպի ՉԺՀ արտահանման վերաբերյալ: «Վերջին մի քանի ամսում 18 անգամ ավելացել է հայկական գինու արտահանումը չինական շուկա: Այս տարվա առաջին 6 ամսում եղել է 22.6 տոկոս առևտրաշրջանառության աճ: Յույ Ցզյանխուան լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան շատ մրցունակ ապրանքներ, որոնցից մի քանիսը չինացի սպառողներին անհայտ են: «Չինացի սպառողների համար հայկական մեղրը, կոնյակը անհայտ ապրանքներ են: Մենք պատրաստ ենք Հայաստանից ավելի շատ ապրանքներ ներմուծել Չինաստան»,- նշեց ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալը: Նիստը ընթացքում թեմաների շրջանակում եղել են նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների բացման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր