211652_close_icon
views-count1524 դիտում article-date 13:39 24-09-2019

ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի չափով վարկ է տրամադրում ՀԷՑ-ին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) մինչև 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը` բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով։ Սա 2017 թվականին ստորագրված՝ 80 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է: ՎԶԵԲ-ի վարկային միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու էներգաարդյունավետությանն ուղղված նախագծեր, այդ թվում՝ կորուստների նվազեցմանն ուղղված ցածր լարման ենթակառուցվածքների արդիականացումը և սմարթ հաշվիչների տեղադրումը՝ էլեկտրամատակարարման որակի բարձրացման նպատակով։ Այս միջոցառումները կբարձրացնեն Հայաստանի բաշխիչ համակարգի արդյունավետությունը, կնվազեցնեն բաշխիչ ցանցի կորուստները և կբարելավեն էլեկտրաէներգիայի մատակարարման որակը՝ ապահովելով առավել բարձր հսկողություն և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականության և տևողության կրճատում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի միակ մատակարարն է: ՎԶԵԲ-ը էներգաարդյունավետության խթանումը դարձրել է իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է և ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: 1992 թվականից Հայաստանում իր գործունեության մեկնարկի օրվանից ի վեր ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում 178 ծրագրերում, ընդ որում ներդրումների 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Նմանատիպ նյութեր