211652_close_icon
views-count1517 դիտում article-date 12:52 23-09-2019

Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մինչև սեպտեմբերի 26-ն ամեն օր դասական երաժշտության երեկոներ կպարգևի բարձրարժեք երաժշտության սիրահարներին։ «Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Փառատոնի մեկնարկային համերգին, որը ղեկավարում էր մեծ ճանաչում ունեցող դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը, նվագախմբի հետ հանդես եկան անվանի մենակատարներ՝ Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։ Ներկայացվեցին Ֆելիքս Մենդելսոնի, Ալեքսեյ Շորի, Ռոդիոն Շչեդրինի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։ Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը փառատոնի հյուրն է, ներկա է լինելու, փառատոնային համերգներին։ Ասում է՝ միշտ սպասում է իր երևանյան այցելություններին, և ուրախ է, որ կայանալու են իր երկու ստեղծագործությունների պրեմիերաները։ Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա աշխարհում մեծ ճանաչում վայելող օպերային երգչուհի Աննա Կասյանը։

Նմանատիպ նյութեր