211652_close_icon
views-count1837 դիտում article-date 23:20 22-09-2019

Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի առջև, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի, կատարվեց հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով: Հոգեհանգստյան կարգին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդները, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և լուսահոգի Հայրապետի ազգականները: Մինչ հոգեհանգստյան կարգը ներկաներին հիշատակի խոսքով դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Ինձ համար դժվար, բայց միաժամանակ նաև շատ պատվաբեր է այսօր Գարեգին Առաջին Վեհափառին հիշել ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև՝ նրա բարեկամ։ Ես չէ, որ պետք է Վեհափառ Տիրոջը գնահատական տամ։ Գնահատականը, գնահատանքը տրվել է և տրվելու է ապագայում, տրվել է Աստծու կողմից՝ ընտրելով նրան որպես իր զավակ, որպես Հայոց Վեհափառ։ Եվ մեր ժողովրդի կողմից, որը մինչև այսօր գնահատանքով և սիրով է լցված Գարեգին Առաջին Վեհափառի նկատմամբ։ Անձամբ իմ կյանքում Վեհափառ Տերը շատ մեծ դեր է ունեցել։ Կարող եմ ասել, որ Վեհափառն իմ աստվածաշնչային առաջին ուսուցիչն է եղել։ Երբ տարիներ առաջ՝ 90-ականների սկզբին Լոնդոնում էի որպես դեսպան, և Վեհափառ Տերն առաջին անգամ այցելեց Լոնդոն, ես իմ առաջին դասը ստացա նրանից՝ պատարագի ժամանակ նստած լինելով նրա կողքին։ …Մեր զրույցը շարունակվեց դրանից հետո մի քանի ժամ, ապա մի քանի տարի։ Յուրաքանչյուր անգամ հանդիպելիս՝ ես հոգևոր կյանքի և հայրենասիրության դասեր էի առնում Վեհափառից: … Վեհափառը մեծ հայ էր, մեծ մարդ և հսկայական հետք է թողել։ Վեհափառը կա և ապրում է, ապրում է մեզնից յուրաքանչյուրի հետ։ Ապրում է իմ ընտանիքի և ինձ հետ», - մասնավորապես նշեց ՀՀ նախագահը: Իր սրտի խոսքն ասաց նաև ի.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ վերհիշելով իր հանդիպումներն ու անցկացրած ժամանակը լուսահոգի Գարեգին Ա. Կաթողիկոսի հետ: Երանաշնորհ Հայրապետի հոգու խաղաղության և հանգստության համար վերառաքված աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայաստանից և Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանածներին երանաշնորհ Հայրապետի շիրիմի շուրջ համախմբել է նրա նկատմամբ ունեցած սերը, նրա անձի հմայքը և այն քաղցր հիշողությունները, որ ներկաներից յուրաքանչյուր ոք կրում է իր հոգում: «Եթե փորձենք բնորոշել լուսահոգի Հայրապետի անձը, նրա կերպարն ու վաստակը, կարծում եմ, այդ ամենը կարող է խտանալ երեք բնորոշումների մեջ՝ աստվածսիրություն, հայրենասիրություն և եկեղեցասիրություն: Լուսահոգի Հայրապետն իր ողջ կյանքի ընթացքում քարոզիչը եղավ այս երեք հիմնարար արժեքների: Իր հմայիչ և ազդու խոսքով նա այս արժեքներն ամրագրում էր յուրաքանչյուր հայ հավատացյալի հոգուց ներս: Իր խոսքի ուժականությամբ նա իբրև բարի սերմնացան նպաստում էր, որպեսզի այդ հունդերը, այդ երեք արժեքները ծլարձակեն յուրաքանչյուր հայորդու հոգում և արդյունավորվելով բարի պտուղներ բերեն: Ահա, այդ ծլարձակած սերմերն են, այդ սերմերի արդյունքն է, որ համախմբել է այսօր ամենքիս այստեղ իր հիշատակի շուրջ: Ես վստահ եմ, որ Գարեգին երանաշնորհ Հայրապետի անձը պիտի շարունակի իր լուսավոր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում և ժամանակների մեջ», - ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ լուսահոգի Հայրապետի ցանկությունն էր տեսնել հայրենասիրությամբ, եկեղեցասիրությամբ կրթյալ, բարձր գիտակցության տեր հայորդու, որովհետև միայն այդ արժեքները կրող անհատն է, որ պիտի կարողանա իրականացնել լուսավոր, հզոր բարօր ու բարեշեն հայրենիքի երազը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել իրագործել Հայրապետի պատգամը, որպեսզի մեր ժողովրդի ապագան լինի պայծառ և հայրենիքը ապրի խաղաղության, ապահովության և բարօրության մեջ: Վերջում տեղի ունեցավ ընդունելություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր