211652_close_icon
views-count1601 դիտում article-date 16:20 22-09-2019

Կալիֆոռնիայի հայ համայնքը պատրաստակամ է փորձուսուցման նպատակով հյուրընկալել հայաստանյան բուհերի ուսանողների

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցության խորացման և ընդլայնման նպատակով հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում եւ Փենսիլվանիայի նահանգային համալսարանում։ Ինչպես տեղեկացնում են ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, hանդիպումներ են եղել Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի, Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի Ջորդանի քոլեջի, Նորարարությունների և ձեռներեցության կենտրոնի, Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնի ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև «Ագրիան» ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ադրիանա Մաջարյանի և այլոց հետ: Քննարկումները գլխավորապես ծավալվել են Ֆրեզնոյի նահանգային համալսարանի և Ագրարային համալսարանի միջև գործակցության խորացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստումների, ուսումնաարտադրական համատեղ փորձուսուցումների անցկացման և այլ ուղղություններով: Հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ Վարդան Ուռուտյանը հավաստիացումներ է ստացել, որ Կալիֆոռնիայի մեր հայրենակիցները պատրաստակամ են փորձուսուցման նպատակով հյուրընկալել ուսանողների ՀԱԱՀ-ից և առհասարակ հայաստանյան բուհերից, ինչպես նաև օժանդակել «Արտերկրում ուսումնառություն» ծրագրով ԱՄՆ-ից Հայաստան ուսանողների գործուղման հարցում: Ֆրեզնոյի հետ գործակցությունը ներառելու է նաև հետազոտական համատեղ նախագծերի իրականացումը: Ֆրեզնոյի նահանգային համալսարանի Լայլզի նորարարությունների և ձեռներեցության կենտրոնում և Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնում ռեկտոր Ուռուտյանը պատասխանատուների հետ քննարկել է, մասնավորապես, Ագրարային համալսարանի՝ ստեղծման փուլում գտնվող Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր: Վարդան Ուռուտյանն այցելել է նաև Կալիֆոռնիայում մեր հայրենակիցների կողմից ավելի քան տասը տարի առաջ հիմնադրված «Ագրիան» ընկերություն, որի հայաստանյան գրասենյակում աշխատում են Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ: Կալիֆոռնիայից ՀԱԱՀ-ի ռեկտորն ուղևորվել է Փենսիլվանիա՝ «ՓենՍտեյթ» համալսարան, որտեղ հանդիպումներ է ունեցել «ՓենՍտեյթ»-ի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Երկուստեք բարձր գնահատելով «ՓենՍտեյթ»-ի գյուղատնտեսական գիտությունների քոլեջի եւ Ագրարային համալսարանի միջեւ տարիներ ի վեր ծավալված փոխգործակցությունը՝ քոլեջի տնօրեն Ռիչարդ Ռուշի եւ փոխտնօրեն, միջազգային ծրագրերի ղեկավար Դայանա Բեհրինգի հետ Վարդան Ուռուտյանը քննարկել է գործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Գյուղատնտեսական գիտությունների քոլեջը հիմնադրվել է 1855թ․-ին եւ եղել է այն հիմնարար կառույցը, որի շուրջ հետագայում ծավալվել ու զարգացել է այսօր աշխարհի համալսարանների տեղակարգման մեջ մշտապես լավագույն 1 տոկոսի մեջ գտնվող, 100 հազ․ ուսանող և 17 հազ․ դասախոս ունեցող «ՓենՍտեյթ» համալսարանը։ Ռեկտոր Ուռուտյանի հանդիպումների շարքը շարունակվել է Ագրարային ճարտարագիտության, Սննդագիտության ֆակուլտետներում, այլ ստորաբաժանումներում։ Հիշարժան հանդիպումներից մեկը սննդագիտության պրոֆեսոր, Սննդի անվտանգության և որակի ծրագրերի տնօրենի տեղակալ Քեթի Քաթերի հետ էր, որը մեծ ավանդ ունի ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում արդեն երրորդ տարին իրականացվող «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» նորարարական կրթական ծրագրի ներդրման եւ դրա հաջողության գործում։ Պրոֆ․ Քաթերի հետ Վարդան Ուռուտյանը քննարկել է դասընթացի շարունակմանն առնչվող հարցեր։ Ի դեպ, ՀԱԱՀ-ում ծրագրի առաջին փուլի հաջողությունը պրոֆ․ Քաթերն այնուհետև հաջողությամբ կրկնել է Ուկրաինայում։

Նմանատիպ նյութեր