211652_close_icon
views-count3071 դիտում article-date 10:11 21-09-2019

Հայաստանի ղեկավարների ԱՄՆ կատարած այցերի հետքերով․ «Ամերիկայի ձայն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1994 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական և պաշտոնական այցով այցելեց ԱՄՆ: Սա հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության միակ պետական և պաշտոնական այցն է առայսօր: Հետագա բոլոր այցերը աշխատանքային էին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5092563.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ 1994 թվականի օգոստոսին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցն, ըստ այդ օրերի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանի, աննախադեպ էր: «Այդ այցը մնում է միակն առայսօր, որ եղել է պաշտոնական: Այցը եղել է հետաքրքիր ձևով կազմակերպված, որովհետև իր մեջ պարունակել է պետական այցի արարողակարգային բոլոր էլեմենտները և այսպիսով այն կարող ենք անվանել ոչ միայն պաշտոնական, այլև պետական»,- ասում է Շուգարյանը: Հայաստանի պատվիրակությունը այդ օրերին հյուրընկալվեց Սպիտակ տան մոտ գտնվող հյուրատանը՝ Բլեյր Հաուսում, ուր սովորաբար ամերիկյան վարչակազմը հյուրընկալում է պետական այցով ժամանած հյուրերին: Պաշտոնական հանդիպումներից զատ Հայաստանի պատվիրակության պատվին Սպիտակ տանը նախագահ և առաջին տիկին Քլինթոնների անունից կազմակերպվեց ընդունելություն 300 հյուրերի մասնակցությամբ: Այդ օրերին ամերիկյան կողմից նախագահների հանդիպումը թարգմանող ամերիկահայ Կարեն Եղբայրյանը հիշում է, որ նախագահների հանդիպումը տևեց շուրջ երկու-երեք ժամ: «Ամեն ինչ պաշտոնականության կարգով էր: Աշխատանքները նախապես արված էին , իսկ համաձայնագրերը՝ նախապատրաստված հանդիսավոր ստորագրության համար: Պաշտոնականություն կտիրեր, բնականաբար: Քլինթոնը շատ ավելի մարդամոտ էր, քան Տեր-Պետրոսյանը»,- հիշում է Եղբայրյանը: Հետագա տարիներին Հայաստանի այլ ղեկավարներ ևս այցելել են ԱՄՆ: Այդ այցերը հիմնականում եղել են աշխատանքային: Հայաստում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը դժվարանում է ասել, թե ինչու երկար ժամանակ հայ-ամերիկյան հարաբերություններում բացակայում է պետական բարձրաստիճան այցելության և այդ շրջանակում հանդիպման փաստը: «Նախագահական բարձագույն մակարդակի հանդիպման կազմակերպումը միշտ շատ բարդ է: Դժվարանում եմ կանխատեսել, թի ինչ գործոններ կարող են ազդել, որ նման այց կազմակերպվի երկու կողմից»,- ասում է Հեֆերնը: Նախկին դեսպանը վստահ է ՝ հարաբերությունների որակը բարձրացնում են ոչ միայն նախագահական հանդիպումներն, այլ նաև վարչակազմերի մշտական շփումը, որը խորացնում է հարաբերությունները: Անհրաժեշտ է կենտրոնանալ այս մակարդակի հաղորդակցման վրա, քանզի այդ հարթակում լուծվում են շատ բովանդակալից հարցեր, գտնում է Հեֆերնը: Բարձրաստիճան հանդիպման կազմակերպման հարցը այսօր էլ հայկական կողմի օրակարգում է: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն ընդգծում է՝ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Որևէ պակաս չունենք բարձրաստիճան շփման կամ մեր ուղերձները տեղ հասցնելու: Բարձրաստիճան միջկառավարական երկխոսությունը ընթացքի մեջ է: Հույս ունենք, որ մեկ օր կկայանա հանդիպում, մասնավորապես վարչապետ Փաշինյանի ու նախագահ Թրամփի միջև»,- հայտնում է դեսպան Վարուժան Ներսիսյանը: Ռուբեն Շուգարյանն էլ իր հերթին չի բացառում թավշյա հեղափոխությունից հետո բարձրաստիճան շփման հնարավորությունը: «Սակայն պետք է հաշվի առնենք, որ ոչ միայն մենք ենք փոխվում, այլ նաև՝ աշխարհն ու այս երկիրը: Դժվար ժամանակներ են: Պետք է հստակեցնենք, թե ինչ օրակարգային հարցեր ունենք Միացյալ Նահանգների հետ»,- նշում է Ռուբեն Շուգարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր