211652_close_icon
views-count951 դիտում article-date 15:44 20-09-2019

Հայաստան-Լիբանան պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է

Հայ-լիբանանյան երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությամբ, փոխադարձ օգնության պատրաստակամությամբ և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ։ Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարի խոսքով՝ համագործակցությունն ունի ամուր իրավական հիմքեր։ 2018 թվականի նոյեմբերի 9-ին նախարար Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև համագործակցության մասին համաձայնագիրը, որն այժմ երկու երկրների խորհրդարաններում անցնում է վավերացման գործընթաց։ «Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում վավերացումն ավարտված է և մոտակա ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը կստորագրի այն։ Այս համաձայնագիրը 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է և ընձեռելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ»,- ընդգծեց Տոնոյանը։ ՀՀ ՊՆ նախարարը Էլիաս Բու Սաաբի հետ քննարկել է համագործակցության առկա վիճակը և ընդլայնման հնարավորությունները։ «Պայմանավորվել ենք համագործակցություն իրականացնել կանոնավոր պլանավորման ձևաչափով։ Համագործակցության հեռանկարային ոլորտներն ենք համարում փորձի փոխանակումը ռազմատեխնիկական տարբեր ուղղություններով, համատեղ վարժանքները, կրթությունը և վերապատրաստումը և, ամենակարևորը, ճգնաժամային իրավիճակներում հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Կարևորել ենք երկու երկրների ռազմական մշակույթի և պատմության փոխադարձ իրազեկման միջոցառումների անցկացումը»,- ասաց Տոնոյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հումանիտար առաքելության նպատակներն ու խնդիրները։ Միևնույն ժամանակ նշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախումբը ոչ միայն զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումն է, այլև յուրօրինակ պարտքի վերադարձ լիբանանցի ժողովրդին՝ հարատև կայունության և խաղաղության հաստատման իրենց ջանքերում։ «Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք նաև երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները։ Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու մեր հնարավորություններին»,- եզրափակեց Տոնոյանը։

Նմանատիպ նյութեր