211652_close_icon
views-count2466 դիտում article-date 15:38 19-09-2019

Կառավարությունը Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով 9,4 մլն հազար դրամ հատկացրեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 9 մլն 436.8 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդից: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 5-ին, Թալիշում: Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը ստացել է ականապայթյունային ողնաշար-ողնուղեղային վիրավորում: «Գումարը ներառում է ստացիոնար բուժման և կեցության ծախսերը, ճանապարհածախսը: Կա մասնագիտական եզրակացություն, որ Հայկ Սեխլիյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ»,- ասաց Տոնոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկել են բավականին երկար ու մանրամասն: «Եկել ենք եզրահանգման, որ բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել ՀՀ-ում, մենք նման լուծումների չենք գնա՝ ուղղակի ֆորմալ արտասահման ուղարկելու տրամաբանությամբ, իսկ այն դեպքերում, երբ կա հստակ մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, այդ դեպքերը առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր