211652_close_icon
views-count3508 դիտում article-date 15:02 19-09-2019

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը աննախադեպ կարևոր միջոցառում է կազմակերպվելու

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք նման մասշտաբային միջոցառում նախկինում եղել է, թե սա աննախադեպ է, և նախարարը պատասխանեց, որ նման մասշտաբով չեն ունեցել, սակայն կարևորեց, որ ամեն ինչ տեղի է ունենում միջազգային պարտավորությունների շրջանակում: «Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը քաղաքացիները կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ, և որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու, և հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է: Սա պլանային աննախադեպ կարևոր միջոցառում է»,- ասաց վարչապետը: Դավիթ Տոնոյանն ասաց, որ ուզում է խնդրել կառավարության անդամներին, որ հանրային աշխատողներին իրենց վերաբերող ոլորտներում կոչ անել և օրինակելի պահվածք ցուցաբերել: Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին ֆորմալ մոտեցում չցուցաբերել այս զորավարժությանը: «Չափից ավելի լրջացնել էլ պետք չէ, բայց պատշաճ վերաբերմունք պետք է լինի»,-ասաց նա: Նախագիծը չդրվեց քվեարկության, քանի որ կային որոշ հարցեր, որոնք կառավարության անդամները ցանկանում էին դռնփակ ռեժիմով քննարկել: Վարչապետն ասաց, որ այն կդրվի քվեարկության փակ ռեժիմով:

Նմանատիպ նյութեր