211652_close_icon
views-count1451 դիտում article-date 22:41 18-09-2019

Համատեղ աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների. ՏՄՊՊՀ

BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի եւ Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի գլխավորած պատվիրակությունների միջեւ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության, փորձի փոխանակման, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցում համագործակցության շուրջ: Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարն առաջարկել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ Համագործակցության հուշագիր կնքել, որի շրջանակում երկու երկրների գերատեսչությունները համատեղ վարույթներ կիրականացնեն, ինչպես նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հնարավորություն կունենան վերապատրաստման դասընթացներ անցնել իրենց ուսուցման կենտրոնում: Այս համատեքստում Իգոր Արտեմեւը ընդգծել է նաեւ իրենց պատրաստակամությունը վարույթներ հարուցելու եւ պաշտպանելու հայկական ընկերությունների շահերը՝ ՌԴ տարածքում տնտեսական մրցակցության ոլորտում խախտումներ տեղի ունենալու դեպքերում: «Համատեղ ջանքերով եւ միասնական աշխատանքի միջոցով մենք վստահաբար կհասնենք դրական արդյունքների»,- հավելել է Գեղամ Գեւորգյանը: Պատվիրակության ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ պետական գնումների, դեղերի շրջանառության ոլորտում տնտեսական մրցակցության երկկողմանի պաշտպանությունն ապահովելու նպատակով համագործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր