211652_close_icon
views-count1141 դիտում article-date 18:30 18-09-2019

Երևանի քաղաքապետարանն իրավական ուղիներ է փնտրում, որ «Սանիթեքին» վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որ «Սանիթեքին» վճարված գումարները հասնեն աշխատակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Սանիթեքի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով Սանիթեքի՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։ Նրանց ներկայացրեցի կնիքով եւ ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։ Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միեւնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես Սանիթեք ընկերությունը»։ Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր ընթացել. «Սանիթեք» ընկերության Կենտրոն վարչական շրջանը սպասարկող անձնակազմը պահանջում է Երևանի քաղաքապետարանից ընկերությանը փոխանցել օգոստոս ամսվա իրենց հասանելիք աշխատավարձը։

Նմանատիպ նյութեր