ԱԺ-ն ընդունել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը:
Նախագծի հեղինակը«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն է։
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է տասնօրյա ժամկետում քննարկեն պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանեն նրան: Բացառիկ դեպքերում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում՝ հարցումը կամ առաջարկը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում պատգամավորին գրավոր տեղյակ պահելով հետաձգման պատճառների մասին: