211652_close_icon
views-count1670 դիտում article-date 19:19 14-09-2019

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցության ներկայացիչ սենատոր Պիեր Ուզալիասը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին` այս օրերին Արցախ գնալու սկզբունքայնության համար`նշելով, որ մեզ համար չափազանց կարեւոր է այս աջակցությունը: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը եւ պատգամավորները կիսվել են Արցախից ստացած տպավորություններով: Գի Տեսիեն նշել է, որ իրենց համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը: «Մեզ համար կարևոր էր տեսնել այս փոքրիկ երկրի առաջընթացը: Մարդկանց հետ խոսելիս վկայություններ ստացանք, որ նրանք ուզում են խաղաղ ապրել իրենց հողի վրա, ամուր սահմաններով և նույնիսկ դրա համար պատրաստ են մեռնել: Եւ սա մեզ համար լսելի է, ամբողջովին ընկալելի է»,- ասել է Տեսիեն: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները նշել են, որ անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին և հույս ունեն, որ Արցախը միջազգայնորեն կճանաչվի: Գի Տեսիեն նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսել են խորհրդարանական համագործակցությունն ավելի խորացնելու և ԵԱՀԿ-ում համագործակցության մասին: Մտքերի փոխանակության ժամանակ ֆրանսիացի պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին:

Նմանատիպ նյութեր